ԱՄՆ կարգավորիչները ստուգումներ են սկսել Իլոն Մասկի «Ապակե տան» վերաբերյալ
Միացյալ Նահանգների Մանհեթենի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել Իլոն Մասկի «Ապակե տան» համար Tesla-ի միջոցների հնարավոր օգտագործման վերաբերյալ։ Գրել է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ միջոցների հնարավոր օգտագործումը կապված է ապակե շինություն կառուցելու գաղտնի նախագիծ իրականացնելու հետ։
Նախագծի հետ կապված մարդիկ այն անվանում են Իլոն Մասկի տուն:
WSJ-ն, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ դատախազությունը հարցում է կատարել, թե ինչ միջոցներ են ծախսվել Tesla-ի կողմից այս շենքի կառուցման վրա, ինչ վճարումներ է ստացել Իլոն Մասկը, որն է նախագծի նպատակը։
Նմանատիպ հարցումներ է ներկայացրել Միացյալ Նահանգների Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC), որը սկսել է իր սեփական հետաքննությունն այս նախագծի վերաբերյալ:
Tesla-ի փաստաթղթերում շինության կառուցման նախագիծը նշված է որպես Project 42: Այն ներառում է ապակե շենքի կառուցում Tesla-ի կենտրոնակայանի մոտ՝ Օսթինում, Տեխաս:
Փաստաթղթերում այս շենքի նախագիծը կազմված է զանազան տարբերակներով, այդ թվում՝ կոր վեցանկյունի և սովորական ապակե տուփի տեսքով։ Նախագիծն իրականացնելու համար ընկերությունը պատվիրել է հատուկ ապակի՝ դրա վրա ծախսելով միլիոնավոր դոլարներ։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ վիճակում է նախագիծը, և արդյոք այս ապակին փոխանցվել է պատվիրատուին։
Հուլիսին, երբ Tesla-ի որոշ աշխատակիցներ սկսել էին հետաքրքրվել, թե ինչպես է օգտագործվելու նման թանկարժեք ապակին, ընկերության տնօրենների խորհուրդը ներքին ուսումնասիրություն էր անցկացրել այս փաստի վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքներն անհայտ են։










