iPhone 15-ը հնարավոր կլինի լիցքավորել USB-C-ով, Apple-ը պատրաստվում է փոփոխության, որից խուսափում էր տարիներ շարունակ. Bloomberg
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է իր նոր iPhone-ում Lightning լիցքավորման համակարգից հրաժարվել՝ անցում կատարելով USB-C-ին՝ չնայած, որ տարիներ շարունակ հետաձգում էր նման փոփոխությունը: Այս մասին գրել է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Գուրմանը՝ իր Power On տեղեկագրում:
Նրա համոզմամբ՝ եթե Apple Inc.-ի ընտրությանը մնար, ապա iPhone-ը կշարունակեր դեռևս մի քանի տարի օգտվել ներկայիս Lightning-ից: Բայց Եվրամիությունը բջջային սարքեր արտադրողներից, այդ թվում՝ Apple-ից, պահանջել է մինչև հաջորդ տարվա վերջ անցում կատարել USB-C ստանդարտին:
Այսպիսով, Apple-ն այժմ անհարմար վիճակում է, քանի որ պետք է ընդունի այն տեխնոլոգիան, որը նա չէր ցանկանում:
Ըստ Գուրմանի՝ երբ ընկերությունը սեպտեմբերի 12-ին կներկայացնի նորագույն iPhone 15-ը, USB-C միակցիչները կհայտնվեն հեռախոսի չորս նոր մոդելների, ինչպես նաև AirPods Pro-ի համար:
Բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Apple-ն այս նորամուծությունը կներկայացնի որպես իր սեփական հայեցակարգ՝ չնայած օրենքի ընդունումից առաջ այդ քայլին կտրուկ դեմ արտահայտվելուն: Գուրմանը բացատրել է, որ փոփոխության բազմաթիվ առավելություններից է, որ օգտատերերը կկարողանան լիցքավորման մեկ մալուխ օգտագործել iPhone-ի, Mac-ի և iPad-ի համար: Այն տվյալների փոխանցման արագության բարձրացում կապահովի iPhone-ի նոր մոդելների համար:
Որոշ դեպքերում հեռախոսներն ավելի արագ են լիցքավորվելու: Եվ, վերջապես, հեռախոսները համատեղելի կլինեն լիցքավորիչների հետ, որոնք օգտագործվում են Android սարքերի համար:
Գուրմանի խոսքով՝ Apple-ն իր սեպտեմբերյան շնորհանդեսում չի հիշատակի Եվրոպական Միությանը դեր այս փոփոխության հասնելու հարցում:










