Մասկը 2022-ին հրահանգել է անջատել Starlink արբանյակները Ղրիմի ափերի մոտ, մտավախություն է ունեցել․ CNN
Ամերիկացի գործարար, SpaceX-ի, Tesla-ի, Twitter-ի Իլոն Մասկը 2022 թվականին գաղտնի հրահանգել է աշխատակիցներին անջատել Starlink արբանյակները Ղրիմի ափերի մոտ՝ ուկրաինացի զինվորականների հարձակումները ռուսական նավատորմի վրա խափանելու համար։ Մասկը մտավախություն է ունեցել, որ հաջող հարձակման դեպքում Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել։ Այս մասին գրել է CNN-ը՝ հղում անելով Ուոլթեր Այզեքսոնի «Իլոն Մասկ» կենսագրական գրքին, որի վաճառքը կսկսվի սեպտեմբերի 12-ին։
Գրքում նշվել է, որ երբ ուկրաինական ստորջրյա դրոնները մոտեցել են ռուսական նավատորմին, կորցրել են կապը և ափ դուրս եկել՝ առանց որևէ վնաս պատճառելու։
Մասկը Starlink-ն անջատելու հարցը քննարկել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, շտաբի պետերի միացյալ շտաբի ղեկավար գեներալ Մարկ Միլիի և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ։
Ուկրաինայի փոխվարչապետ Միխայիլ Ֆեդորովը գրել է Մասկին և «աղաչել նրան վերականգնել ստորջրյա դրոնների կապը»։
«Starlink-ը նախատեսված չէր պատերազմների մասնակցելու համար: Այն ստեղծվել է այնպես, որ մարդիկ կարողանան դիտել Netflix, հանգստանալ, միանալ համացանցին դպրոցում ու լավ, խաղաղ բաներ անել՝ դրոններով հարվածներ հասցնելու փոխարեն»,- ասել է միլիարդատերը գրքի համար Այզեքսոնին տված հարցազրույցում:










