Միացյալ Նահանգների Կոնգրեսը պատերազմ չի հայտարարել Ռուսաստանին․ Իլոն Մասկը՝ Starlink արբանյակը Ղրիմի մոտ չգործարկելու մասին
«Ես ԱՄՆ քաղաքացի եմ, և սա միակ անձնագիրն է, որն ունեմ: Ինչ էլ որ լինի, ես կպայքարեմ Ամերիկայի համար ու կմեռնեմ այստեղ։ Միացյալ Նահանգների Կոնգրեսը պատերազմ չի հայտարարել Ռուսաստանին։ Եթե որևէ մեկը դավաճան է, դա նրանք են, ովքեր ինձ այդպես են անվանում»։ X-ի իր միկրոբլոգում գրել է գործարար, SpaceX-ի, X-ի, Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը:
Նա նշել է, որ մերժել է Ղրիմի շրջանում Starlink արբանյակը միացնելու խնդրանքը, քանի որ չի ցանկացել սրել ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել է, որ ուկրաինական բանակը տերմինալներ է օգտագործում՝ Starlink-ին միանալու համար առաջնագծի ողջ երկայնքով։ Ըստ նրա՝ «որոշակի ժամանակ» այդ ցանցը չի աշխատել Ղրիմի տարածաշրջանում։
Մասկն ավելի վաղ հայտնել էր, որ Starlink-ը Ղրիմում ի սկզբանե ակտիվացված չի եղել։
Նրա խոսքով՝ նա ստացել է կառավարությունից շտապ խնդրանք՝ ակտիվացնել Starlink-ը մինչև Սևաստոպոլ, որպեսզի «խորտակվի ռուսական նավատորմի մեծ մասը»: Մասկը հրաժարվել է կատարել այս խնդրանքը, որպեսզի SpaceX-ը չներգրավվի «պատերազմի և հակամարտության սրման մեջ»։
2022 թվականի փետրվարից հետո SpaceX-ը Ուկրաինա է փոխանցել առնվազն 24 հազար Starlink կայան։ 2023 թվականի փետրվարին SpaceX-ը սահմանափակել է ուկրաինացի զինվորականների մուտքը Starlink արբանյակային կապերին։ Արբանյակի միջոցով նրանք պետք է կառավարեին անօդաչու թռչող սարքերը:









