NASA-ն հրապարակել է «չբացահայտված թռչող օբյեկտների» մասին տարեկան զեկույցը

22:52 • 14.09.23

NASA-ի աշխատանքային խումբը հրապարակել է 33 էջանոց զեկույց չբացահայտված թռչող օբյեկտների շուրջ մեկ տարվա ուսումնասիրության վերաբերյալ: Հայտնել է Reuters-ը։

Պաշտոնական փաստաթղթերում օբյեկտները նշված են որպես «չբացահայտված անոմալ երևույթ» (UAP / unidentified anomalous phenomenon): Այս մասին զեկույցի շնորհանդեսին ասել է ամերիկյան տիեզերական գործակալության ղեկավար Բիլ Նելսոնը։

«Չնայած բազմաթիվ զեկույցներին, լուսանկարներին և տեսանյութերին, հետևողական և մանրամասն դիտարկումների բացակայությունը ցույց է տալիս, որ մենք ներկայումս չունենք տվյալների այն ծավալը, որը թույլ կտա մեզ վերջնական գիտական եզրակացություններ անել UAP-ի վերաբերյալ», - ասվում է զեկույցում:

Նշվում է, որ UAP-ի բացասական ընկալումները խոչընդոտում են տվյալների հավաքագրմանը և վերլուծությանը: Զեկույցի քննարկման ժամանակ Նելսոնն ասել է, որ NASA-ն ցանկանում է անհայտ թռչող օբյեկտների մասին խոսակցությունը տեղափոխել «սենսացիայից դեպի գիտություն»։

«Կա գլոբալ հրապուրանք UAP-ով: Իմ ճամփորդությունների ժամանակ առաջին հարցերից մեկը, որը ես հաճախ եմ ստանում, այս տեսարանների մասին է: Եվ այդ հրապուրանքի մեծ մասը պայմանավորված է դրա անհայտ բնույթով»,- ասաց Նելսոնը:

Բիլ Նելսոնը հայտարարել է մոտ ապագայում UAP-ի հետազոտական տնօրենի նշանակման մասին։

Տիեզերական գործակալությունը պարզաբանել է, որ զբաղվելու է «ապագա հետազոտությունների համար հուսալի տվյալների բազայի ստեղծմամբ»:

NASA-ն հրապարակել է «չբացահայտված թռչող օբյեկտների» մասին տարեկան զեկույցը