iPhone 12-ը կարող է վտանգավոր լինել առողջության համար. ԵՄ երկրները համապատասխան ստուգումներ կանցկացնեն
Բելգիայի իշխանությունները պատրաստվում են վերանայել Apple ընկերության iPhone 12 մոդելի հետ կապված պոտենցիալ առողջական ռիսկերը. այս մասին հայտնի է դարձել երկու օր անց այն բանից հետո, երբ Ֆրանսիան արգելել է սմարթֆոնի այս մոդելի վաճառքը՝ ռադիացիոն ռիսկի պատճառով, գրում է Daily Mail-ը:
Երեքշաբթի ֆրանսիացի փորձագետները սմարթֆոնի փորձարկման արդյունքում պարզել են, որ մարդու մարմնի կողմից կլանված ռադիոհաճախականության էներգիան 40 տոկոսով գերազանցել է թույլատրելի մակարդակը, այլ կերպ ասած՝ գրանցվել է ճառագայթման ազդեցության սահմանաչափերի խախտում:
Apple-ը վիճարկել է ֆրանսիական կողմի այս բացահայտումները՝ ասելով, որ iPhone 12-ը հավաստագրվել է բազմաթիվ միջազգային կառույցների կողմից և համապատասխանում է ճառագայթման չափանիշներին:
Սակայն այս տվյալների հրապարակումից հետո Բելգիան հայտարարել է, որ կվերանայի Apple-ի iPhone 12-ի հետ կապված պոտենցիալ առողջական ռիսկերը:
Ինչպես նշում է Reuters-ը, չի բացառվում, որ ավելի շատ եվրոպական երկրներ կարող են արգելել մոդելը: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ կսպասի ԵՄ այլ երկրների արձագանքներին՝ նախքան որևէ գործողության որոշում կայացնելը:
Եվրամիության անդամ երկրները, որոնք չորեքշաբթի ծանուցվել են Ֆրանսիայի կարգավորիչի կողմից, երեք ամիս ժամանակ ունեն մեկնաբանություններ տալու համար։ Որոշները, օրինակ՝ Իտալիան, հայտարարել են, որ առայժմ ոչ մի քայլ չեն ձեռնարկի։
Բելգիայի թվայնացման հարցերով պետքարտուղար Մաթյո Միշելը Reuters-ին ասել է, որ բելգիական կարգավորող մարմինը հարցն ուսումնասիրում է Ֆրանսիայի բացահայտումից հետո:
Գերմանիայի իշխանությունները նշել են, որ Ֆրանսիայի ծանուցումը կարող է ուղեցույց լինել ամբողջ Եվրոպայի համար:
Նիդեռլանդների թվային դիտորդը ևս հայտարարել է, որ ուսումնասիրում է հարցը և բացատրություն կխնդրի ամերիկյան ընկերությունից՝ միաժամանակ ընդգծելով, որ «անվտանգային սուր վտանգ չկա»:
Իտալիայի արդյունաբերության նախարարությունը, մինչդեռ, ասել է, որ վերահսկում է իրավիճակը, բայց առայժմ որևէ քայլ չի ձեռնարկում: Պորտուգալիայի հեռահաղորդակցության կարգավորող ANACOM-ը հայտարարել է, որ վերլուծում է զարգացումները, և ակնկալում է երկու հավանական տարբերակներից մեկը՝ Apple-ը կշտկի իրավիճակը կամ, եթե չկարողանա, Բրյուսելը ԵՄ անդամ երկրներին կոչ կանի «ընդունել համարժեք միջոցներ»:
Հետազոտողները վերջին երկու տասնամյակների ընթացքում կատարել են բազմաթիվ հետազոտություններ՝ բջջային հեռախոսների առողջության համար վտանգը գնահատելու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դրանց օգտագործման հետևանքով առողջության վրա ոչ մի անբարենպաստ ազդեցություն չի հաստատվել:









