Հայտնի է՝ երբ ՌԴ տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի վրա
Ռուս տիեզերագնացների առաջին վայրէջքը Լուսնի վրա կարող է տեղի ունենալ 2031-2040 թվականներին, ասել է ՌԴ օդաչուավոր տիեզերական համակարգերի և համալիրների գլխավոր նախագծող Վլադիմիր Սոլովյովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նա ներկայացրել է ճանապարհային քարտեզ, ըստ որի՝ 2031-2040 թվականներին նախատեսվում է ստեղծել լուսնային բազայի մոդուլներ և կառավարվող լուսնագնաց, ինչպես նաև իրականացնել ռուսաստանցի տիեզերագնացների առաջին վայրէջքը Երկրի բնական արբանյակի մակերեսին:
Ինչպես նշված է ճանապարհային քարտեզում, 2041-2050 թվականներին ակնկալվում է կառուցել լուսնային բազա, սարքավորումներ ստեղծել հորատման և պեղումների, փորձարարական հանքարդյունաբերական և արտադրական համալիրների, ինչպես նաև աստղաֆիզիկական աստղադիտարանի համար:









