ՌԴ մշակույթի նախարարն առաջարկել է ստեղծել «Ինտերտեսիլ» երգի մրցույթ
Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային ֆորումի ժամանակ արտասահմանյան երկրների մշակույթի նախարարների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ստեղծել «Եվրասիատեսիլ+» կամ «Ինտերտեսիլ» երաժշտական մրցույթ, ինչպես նաև ընդհանուր եվրասիական կինոմրցանակ: Այս մասին գրում է iz.ru-ն:
«Ռուսաստանի Դաշնությունը, բազմաբևեռ աշխարհում մշակույթների բազմազանությունը խթանելու նպատակով, նախաձեռնում է գործարկել համագործակցության միանգամից երկու նոր ձևաչափ։ Մենք առաջարկում ենք ստեղծել անկախ բաց եվրասիական կինոփառատոն և կինոմրցանակ, ինչպես նաև «Ինտերտեսիլ» երաժշտական մրցույթ»,-նշել է նա։
Ռուսական Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը նշել է, որ մրցույթը պետք է լինի ամենամյա, և իրենք ցանկանում են այն առաջին անգամ անցկացնել 2024 թվականին։
«Այս մրցույթում քաղաքական սահմանափակումներ կամ ազդեցություններ չեն լինելու։ Սա անվճար հարթակ է, որտեղ բոլոր երկրները կարող են ներկայացնել պոպուլյար երաժշտության իրենց աշխատանքները»,- ասել է նա։
Էռնստը նշել է, որ Ռուսաստանը հույս ունի ԲՐԻԿՍ-ի երկրների ակտիվ մասնակցության վրա և հրավիրում է բոլոր մյուս երկրներին միանալ այս նախաձեռնությանը։










