Բիլ Գեյթսը կանխատեսել է, որ արհեստական բանականության շնորհիվ մարդիկ կկարողանան անցնել 3-օրյա աշխատանքային շաբաթվա
Microsoft ընկերության համահիմնադիր, բարերար Բիլ Գեյթսը վերջին հարցազրույցի ժամանակ ենթադրել է, որ արհեստական բանականությունը կարող է ճանապարհ հարթել եռօրյա աշխատանքային շաբաթվա համար: Այս մասին գրում է The Economic Times-ը:
Գեյթսն ընդգծել է, որ թեև արհեստական բանականության տեխնոլոգիան արագորեն զարգանում է, այն չի փոխարինի մարդկանց, այլ «ընդմիշտ կփոխի ամեն ինչ»:
Նա անդրադարձել է մտահոգություններին առ այն, որ արհեստական բանականությունը կարող է խլել մարդկանց աշխատատեղերը. նրա կարծիքով՝ աստիճանական անցումը, որը կաջակցվի կառավարության համապատասխան միջոցներով, կարող է հանգեցնել այնպիսի հասարակության ստեղծման, որտեղ մարդուց ավելի քիչ ֆիզիկական աշխատանք է պահանջվում:
«Եթե ի վերջո ստանանք մի հասարակություն, որտեղ պետք է աշխատել միայն շաբաթը երեք օր, դա, հավանաբար, նորմալ է», - ասել է միլիարդատերը:










