2500-ամյա Պարթենոնի քանդակները դիվանագիտական վեճ են առաջացրել Մեծ Բրիտանիայի և Հունաստանի միջև
Բրիտանական թանգարանում պահվող 2500-ամյա Պարթենոնի քանդակները դիվանագիտական վեճ են առաջացրել Մեծ Բրիտանիայի և Հունաստանի միջև, գրում է Al Jazeera-ն՝ մանրամասնելով, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չեղարկել է իր հույն գործընկեր Կիրիակոս Միցոտակիսի հետ ծրագրված հանդիպումը՝ այդ քանդակների մասին Հունաստանի վարչապետի հայտարարությունից հետո:
Հունաստանը բազմիցս խնդրել է Լոնդոնին մշտական հիմունքներով քանդակները վերադարձնել Աթենք, մինչդեռ Միացյալ Թագավորությունը և թանգարանը մերժել են:
Ըստ տեղեկությունների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ հանդիպումը չեղարկելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Միցոտակիսը բրիտանական BBC հեռուստաընկերությանը հայտնել է, որ Պարթենոնի քանդակները գողացվել են և պետք է վերադարձվեն:
«Եթե ես ձեզ ասեի, որ պետք է մեջտեղից կտրել «Մոնա Լիզա»-ն, և դրա մի կեսը պահել Լուվրում, իսկ մյուս կեսը՝ Բրիտանական թանգարանում, ի՞նչ եք կարծում, մարդիկ կկարողանայի՞ն գնահատել կտավի գեղեցկությունը», - հարցազրույցում ասել է Միցոտակիսը:
Ավելի ուշ Հունաստանի վարչապետը, մեկնաբանելով Սունակի որոշումը, ասել է, որ վրդովված է, որ հանդիպումը չեղարկվել է:
«Հունաստանի դիրքորոշումը Պարթենոնի քանդակների հարցում քաջ հայտնի է: Ես հուսով էի, որ հնարավորություն կունենամ քննարկել դա իմ բրիտանացի գործընկերոջ հետ», - ասել է Միցոտակիսը:
Պարթենոնի քանդակները բաղկացած են ավելի քան 30 հին քարե քանդակներից, որոնք թվագրվում են ավելի քան 2000 տարի: Դրանք պահվում են Բրիտանական թանգարանում։ Քանդակները հունական Աթենա աստվածուհուն նվիրված Պարթենոնի տաճարի բնօրինակ մասերն են:
1687 թվականին Պարթենոնը պայթեցրել է պաշարած վենետիկյան բանակը, և քանդակներից շատերը ոչնչացել են։ Ավերիչ պայթյունից ավելի քան մեկ դար անց Օսմանյան կայսրությունում Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ լորդ Էլգինը, թույլտվություն է ստացել Աթենքից վերցնելու որոշ քանդակներ: Դրանք ուղարկվել են Մեծ Բրիտանիա և 1816 թվականին ի վերջո համալրել Բրիտանական թանգարանի հավաքածուն:













