Ճապոնիայում առաջին անգամ խոզ են բուծել, որի օրգանները հնարավոր կլինի փոխպատվաստել մարդկանց

11:28 • 13.02.24

Ճապոնիայում առաջին անգամ հաջողությամբ բուծվել է գենետիկորեն ձևափոխված խոզ, որի օրգանները հեռանկարում  հնարավոր կլինի փոխպատվաստել մարդկանց։ Այս մասին հայտարարել է Մեյիձի համալսարանի հովանու ներքո գործող PorMedTec ընկերությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ի սկզբանե, քսենոտրանսպլանտացիայի (կենդանիների օրգանների փոխպատվաստում մարդու օրգանիզմ - Խմբ.) նպատակով գենետիկորեն ձևափոխված խոզերի աճեցման համապատասխան տեխնոլոգիան մշակվել էր ԱՄՆ-ում՝ տեղական բիոտեխնոլոգիական ընկերության կողմից։ 

Ճապոնացի մասնագետները կարողացել են հաջողությամբ կլոնավորել խոճկորին՝ օգտագործելով ԱՄՆ-ից ներկրված բջիջները։

Ընդգծվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Ճապոնիայում գենետիկորեն ձևափոխված խոզ է ծնվել, որի օրգանները հետագայում նախատեսվում է փոխպատվաստել մարդկանց։

«Մենք ուրախ ենք, որ խոճկորը բարեհաջող ծնվել է, բայց սա դեռ սկիզբն է: Մենք հուսով ենք, որ կշարունակենք Ճապոնիայում քսենոտրանսպլանտացիայի կլինիկական կիրառման վերաբերյալ քննարկումները:Մենք կշարունակենք մեր հետազոտությունները՝ հիմնականում կենտրոնանալով անվտանգության վրա, միևնույն ժամանակ կշարունակենք քննարկել էթիկայի հետ կապված հարցեր», - մեջբերում է NHK-ը՝ Մեյիձի համալսարանի պրոֆեսոր և PorMedTec-ի տնօրեն Հիրոշի Նագաշիմայի խոսքերը:

Արդեն 2024 թվականին ճապոնացի մասնագետներն ակնկալում են սկսել գենետիկորեն ձևափոխված խոզի օրգանների փոխպատվաստումը կապիկին, ինչը միջանկյալ քայլ է մարդու օրգանիզմ փոխպատվաստման միջև:









Ճապոնիայում առաջին անգամ խոզ են բուծել, որի օրգանները հնարավոր կլինի փոխպատվաստել մարդկանց