Թող խոսեն տառերը. կայացել է Արմենուհի Սաղդասարյանի «Տառի գունադարձումը» խորագրով ցուցահանդեսը (տեսանյութ)

10:22 • 23.02.24

3 խորհրդանշան միաժամանակ՝ ոչ պատահական օր, ոչ պատահական վայր ու ոչ պատահական միջոցառում։

Առիթը՝ Մայրենի լեզվի օր, վայր՝ Մատենադարան, միջոցառումը՝ ցուցահանդես տառի ու գույնի մասին։
Կայացել է Արմենուհի Սաղդասարյանի թվով 7-րդ ցուցահանդեսը՝ «Տառի գունադարձումը» խորագրով:

«Սաղարթ»-ի հիմնադիր ստեղծագործող՝ Արմենուհի Սաղդասարյանը նշում է, որ իր աշխատանքներում ոգեշնչման աղբյուրը հայոց այբուբենն ու զարդարվեստն են, ստեղծագործությունների հիմքում էլ այդ երկուսն են, բաղադրիչներ, որոնք ներկայացնում են հայ ժողովրդի դարավոր գոյությունը և նրա հոգևոր ու նյութական կյանքի մշտնջենական ընթացքը:

«Մենք կրում ենք մեր մեծերի՝ մեզ թողած ոգեղեն ժառանգությունը, որն ինձ համար հանդիսացել է ոգեշնչման աղբյուր և ես որոշեցի հնադարյան մեր գիրն ու զարդարվեստն ընդգրկել աշխատանքների մեջ, բայց յուրօրինակ և ժամանակակից ձեռագրով»,- նշեց Արմենուհի Սաղդասարյանը:

Արմենուհի Սաղդասարյանը նկարչության ոլորտում առաջին քայլերն արել է 2015 թվականին՝ հաճախելով բատիկ սիրողական դասընթացների, որի շրջանակում էլ բացահայտել է սերն առ նկարչական արվեստ: Առաջին ցուցահանդեսի ոգեշնչումն էլ հանդիսացել է նրա ընտանիքը:

Հող, ջուր, կրակ և օդ- բնության այս չոր տարրերի մասին են պատմում «Սաղարթ»-ի աշխատանքները, որտեղ գերակշռում են բնության մեջ մեզ ծանոթ գույները:

Ներկայացված գործերից Արմենուհի Սաղդասարյանն առանձնացնում է «Վերածնունդ»-ը, որտեղ պատկերված է ձուկը՝ քրիստոնեության խորհրդանիշը և կենաց ծառը՝ հզորության և նոր կյանքի խորհրդանիշը: