«Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը` հանուն Հայաստանի կայուն զարգացման և գիտական ներուժի (տեսանյութ)
Ինչպե՞ս կարող է հայկական բիզնես դաշտը նպաստել, որ Հայաստանը դառնա կայուն զարգացման առաջամարտիկներից և իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմքում ունենա բնապահպանական ծրագրեր, որոնք երկիրը կդարձնեն ավելի կանաչ ու էկոլոգիապես ավելի մաքուր: Հենց այս նպատակով «Ամուր Հայաստան» համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել Հայաստանում գործող տեղական և մասնավոր խոշորագույն կառույցների ներկայացուցիչներին, որոնց համար այս հարցերն առաջնահերթ են:
Այդպիսի կազմակերպություններից մեկն աշխարհում ծխախոտի խոշորագույն արտադրողներից «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերությունն է, որը Հայաստանում իր գործունեության երեսուն տարիների ընթացքում իր շուրջը ստեղծել է այնպիսի էկոհամակարգ, որով փորձում է նպաստել նաև երկրի զարգացմանը: Ընկերությունը հինգ տարի առաջ Հայաստանում հիմնել է PMI Science գիտահետազոտական կենտրոնը և ջանում է գիտա-տեխնոլոգիական նորարարությունների միջոցով իրականություն դարձնել անծուխ ապագայի իր գաղափարը:
Հատուկ «Ամուր Հայաստան» համաժողովի մասնակիցներին իր փորձն ու գիտելիքը փոխանցեց նաև «Ֆիլիպ Մորրիս»-ի կայուն զարգացման տարածաշրջանային կառավարիչ Իրինա Ժուկովան: Նա «Հասարակական և կորպորատիվ հարաբերությունների ղեկավարների» վարկանիշի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության 25 լավագույն ղեկավարների թվում գլխավորում է «Սպառողական ապրանքների սպասարկում և արտադրություն» ուղղությունը:
«Մեր գիտահետազոտական կենտրոններն աշխարհում երեք են` մեկը Սինգապուրում է, մյուսը` Շվեյցարիայում, իսկ երրորդը` Հայաստանում, քանի որ Հայաստանն ունի շատ լավ գիտական ներուժ, նաև այս երկիրը բաց է միջազգային նոր գործընկերությունների համար: Այս տարիներին մենք կատարել ենք 20 մլն դոլարի ներդրում»,- Tert.am-ին պատմել է Ժուկովան, որը համաժողովի գլխավոր բանախոսներից մեկն էր:
Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ավելի քան 260 ուսանող ստացել է «Ֆիլիպ Մորրիս» ընկերության աջակցությունը և հնարավորություն է ունեցել զբաղվել գիտությամբ առանց աշխատանքի մասին մտածելու: Առաջատար ընկերությունը միևնույն ժամանակ նպատակ ունի իր գերժամանակակից սարքավորումների միջոցով առավել ուժեղացնել Հայաստանի գիտական ներուժը և ապահովել կայուն տնտեսական աճ:
Մանրամասները` տեսանյութում:










