Ներկայացնում ենք, թե ում և ինչ գործողությունների շնորհիվ է մեր ազգը հաղթահարել դարերի փորձությունները․ Միքայել Մալխասյանը՝ «Մեր պատմությունը» հեռուստանախագծի մասին
Արդեն երեք ամիս է ATV հեռուստաընկերության եթերում հեռարձակվում է «Մեր պատմությունը» հաղորդաշարը, որը ներկայացնում է Հայոց պատմությունը՝ հայտնի և անհայտ կողմերից:
Նախագծի հիմնական նպատակների, թեմատիկ ուղղվածության և ուղերձների մասին Tert.am-ը զրուցել է պատմաբան, նախագծի համահեղինակ Միքայել Մալխասյանի հետ։
Միքայել, հունվարից ATV հեռուստաընկերության եթերում ամեն շաբաթ հեռարձակվում է «Մեր պատմությունը» հաղորդաշարը։ Խոսենք հաղորդման ընդհանուր բովանդակության մասին, ի՞նչ թեմաներ են քննարկվում հաղորդման ընթացքում։
Հաղորդաշարը ներկայացնում է հայոց պատմության ամենաերևելի անհատներին, ինչպես նաև քննարկում է պատմական տարբեր երևույթներ և իրադարձություններ` փորձ կատարելով այդ ամենը բանաձևելու պատմական հիշողության մեջ խորհրդաբանության, հայերի քաղաքակրթական ֆենոմենի և պատմական առաքելության համատեքստում։ Այդ իսկ պատճառով արդեն նկարահանել ենք հաղորդումներ Հայոց նախահայր Հայկ նահապետի, հայկական աշխարհակալության հիմնադիր Տիգրան Մեծի, հայկական քաղաքակրթության և ինքնության ժամանակակից համակարգի ճարտարապետ Սբ. Մեսրոպ Մաշտոցի, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի և այլոց մասին։
Ինչո՞ւ է կարևոր ունենալ նման բովանդակությամբ հաղորդում, ի՞նչ խնդիրներ է այն լուծում։
Հաղորդաշարի նպատակն է անձը կամ երևույթը քննարկել և ներկայացնել տվյալ ժամանակաշրջանի համատեքստում։ Այսօր շատ լուրջ մարտահրավերների առաջ է հայկական ինքնությունը նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքում, հետևաբար անհրաժեշտ է մարդկանց ցույց տալ, թե ում և ինչ գործողությունների շնորհիվ է մեր ազգը հաղթահարել դարերի փորձությունները։ Դա լրացուցիչ լիցք կարող է հաղորդել թեկուզ փոքր թվաքանակով հեռուստադիտողների, ովքեր սեփական պատմությանը կվերաբերվեն ոչ թե թույլի, այլ հակառակը` ուժեղի հոգեբանությամբ, որովհետև միայն ուժեղը կարող էր հաղթահարել հազարամյակների արհավիրքները։
Փաստական, թե՞ ավելի շատ վերլուծական բովանդակություն կարող են հեռուստադիտողները տեսնել հաղորդման ընթացքում։
Հաղորդաշարը փաստերը ներկայացնում է գիտահանրամատչելի վերլուծությամբ։ Եթե պատասխանս ձևակերպեմ գիտության լեզվով, պիտի ասեմ, որ հաղորդումը Հայոց պատմության տեսության ներածության է նմանվում, որտեղ կան կոնկրետ անձի վերաբերյալ փաստեր քննարկվող ժամանակաշրջանի ընդհանուր համայնապատկերում։
Ինչո՞ւ է կարևոր պատմության համակողմանի ուսումնասիրությունը և այդ իմաստով նման հաղորդումները ինչ կարևորություն ունեն՝ դրանք լուսաբանելու առումով։
Հայոց պատմությունը մեր ազգի հավաքական կենսագրությունն է։ Մարդը չի կարող հեռու փախչել սեփական կենսագրությունից, իսկ եթե այն շատ երկար է և հազարավոր էջերից է կազմված, մտաբերել ամեն կարևոր դրվագ դժվար է լինում։ Միևնույն ժամանակ ամեն մարդու կենսագրության մեջ կան դրվագներ, որոնք պայմանավորում են այդ մարդու դիրքավորումը հասարակական հարաբերությունների դաշտում, հետևաբար դրանք ապահովում են այն խորհրդանշական և խորհրդաբանական ֆոնը, որով առաջնորդվում է այդ մարդը։ Դրանք շաղկապվում են մարդու հիշողության մեջ, և այդ նույն տրամաբանությամբ էլ դիտարկվում է ազգի հավաքական` պատմական հիշողությունը։ Երբ անձի համար առաջ ես բերում իր կյանքի այն օրինակները, որոնք ի ցույց են դնում նրա ուժեղ հատկանիշները, օգնում ես հաղթահարել այդ պահին նրան հուզող բարդ փորձությունները։ Նույնը պատմության պարագայում է. հազարամյակների ընթացքը տալիս է զգալի փորձ, որի օրինակելի դրվագները վերհիշելը կարևոր ուղենիշ են դժվար փորձությունները հաղթահարելու համար։ Չէ՞ որ ամեն բան սկսվում է գաղափարից։
Այս ընթացքում ի՞նչ կարծիքներ եք ստացել ձեր գործընկերներից և ոչ միայն, հասցրե՞լ է հաղորդումը հասնել լսարանին։
Հիմնականում դրական արձագանքներ են ինձ հասնում, սակայն, երբեմն, դիտողություններ եմ ստանում, որ այս կամ այն գործչի կենսագրության որևէ դրվագի մասին չենք խոսել հաղորդման ընթացքում։ Ես էլ քաղաքավարի կերպով պատասխանում եմ, որ 20 րոպե տևողությամբ հաղորդման ընթացքում մենք չենք կարող պատմական մեծ հնչեղություն ունեցող անձանց մասին չափազանց մանրամասն խոսել, մանավանդ որ մեր հաղորդումը պարզապես կենսագրությունը փոխանցելու նպատակը չունի։ Մեր նպատակն է անձը կամ երևույթը տվյալ ժամանակաշրջանի համատեքստում ներկայացնելը։










