Կորեայի իշխանությունները, գումար խնայելու համար, «աշխատանքի են վերցրել» արհեստական բանականությամբ վիրտուալ հաղորդավարուհու (տեսանյութ)
Լուրերի վիրտուալ հաղորդավարներն արհեստական բանականության շնորհիվ այնքան են կատարելագործվել, որ պետական կազմակերպությունները դրանք օգտագործում են իրական մարդկանց փոխարինելու և գումար խնայելու համար: Այս մասին գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ Հարավային Կորեայի իշխանություններն աշխատանքի են վերցրել J-na կոչվող վիրտուալ հաղորդավարուհուն՝ վարելու համապատասխան յութուբյան ծրագիրը:
Խոսքը հարավկորեական Ջեջու կղզու նահանգային կառավարության մասին է, որի ամենշաբաթյա լուրերի թողարկումը յութուբյան հարթակում վարում է J-na-ն:
Ըստ նահանգային իշխանությունների՝ վիրտուալ հաղորդավարուհուն աշխատանքի վերցնելը շատ ավելի էժան տարբերակ է, քանի որ J-na-ի ծախսը կազմում է ընդամենը 600,000 վոն (450 դոլար) ամսական:
«Մարդ հաղորդավարների աշխատանքը զգալի ծախսեր է պահանջում, ուստի մենք այլընտրանք փնտրեցինք և ընտրեցինք J-na-ն», - The Korea Herald-ին ասել է Ջեջու կղզու պաշտոնյան:










