Չինաստանը գործարկել է «Չանյե 6» սարքը՝ պատմության մեջ առաջին անգամ Լուսնի հակառակ կողմից գրունտային նմուշներ հավաքելու համար
Չինաստանը հաջողությամբ գործարկել է «Չանյե 6» ավտոմատացված տիեզերական կայանը՝ պատմության մեջ առաջին անգամ Լուսնի հակառակ կողմից գրունտային նմուշներ հավաքելու համար: Սարքի արձակումը հեռարձակվել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գործարկումն իրականացվել է «Չանչժենգ 5 ՅՈւ8» հրթիռակրի միջոցով Հայնան կղզու արձակման կենտրոնից: «Չանյե 6»-ը բաղկացած է ուղեծրային, վայրէջքի, թռիչքի և վերադարձի մոդուլներից:
Միջազգային համագործակցության շրջանակում վայրէջք կատարող մոդուլը գիտական գործիքներ է կրում Ֆրանսիայից, Իտալիայից և Եվրոպական տիեզերական գործակալությունից, իսկ ուղեծրային մոդուլը փոքր արբանյակ է տեղափոխում Պակիստանից:
Սարքը փափուկ վայրէջք կկատարի Լուսնի հակառակ կողմի Ապոլոնի խառնարանում:
«Չանյե 6-ը» կհավաքի լուսնային գրունտի նմուշներ՝ օգտագործելով հորատման սարքավորում և ռոբոտացված դույլ։ Հենց որ նմուշները հավաքվեն և զմռսվեն տարաներում, վերելքի մոդուլը կլքի Լուսինը և կմիանա լուսնային ուղեծրային մոդուլին:
Վերադարձի մոդուլն այնուհետև նմուշները կտեղափոխի Երկիր և վայրէջք կկատարի հյուսիսային Չինաստանի Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզում: Ակնկալվում է, որ ամբողջ առաքելությունը կտևի 53 օր։ Չանյե 6-ի, որը տեղակայված կլինի Լուսնի հակառակ կողմում, և Երկրի միջև կապը կապահովվի արբանյակի միջոցով:










