Ավստրալիայում տղամարդու դին կրիոգեն եղանակով սառեցվել է՝ նրան վերակենդանացնելու հույսով

15:51 • 31.05.24

Սիդնեյում մահացած տղամարդու մարմինը սառեցվել է կրիոգեն եղանակով՝ հույս ունենալով, որ ապագայում հնարավոր կլինի նրան վերակենդանացնել: Ինչպես գրում է independent.co.uk-ը, սա   Ավստրալիայում առաջինը նմանատիպ դեպքն է:

Ավստրալական Southern Cryonics ընկերությունը հայտարարել է, որ բարեհաջող սառեցրել է իր առաջին «պացիենտին»՝ նրան կյանքի վերադարձնելու հույսով: Գործընթացն արժեցել է 170,000 դոլար:

Մոտ 80-ամյա տղամարդը, որը մահացել է այս ամսվա սկզբին, ընկերության կողմից անվանվել է «Պացիենտ համար մեկ»:

Մահից անմիջապես հետո մարմինը հիվանդանոցի զովացուցիչ սենյակից, սառույցի մեջ դրված, տեղափոխվել է թաղման բյուրո: Այնուհետև խումբը, ներառյալ կլինիկական պերֆուզիոնիստները և բժիշկը, անդադար աշխատել է 10 ժամ՝ հատուկ միջոցներով կայունացնելով մարմինը:

Կայունացման գործընթացն իրականացնելու համար, Southern Cryonics-ի խոսքով, թիմն օգտագործել է ECMO (Էքստրակորպորալ թաղանթային թթվածնացում) մեքենայի վերջին տեսակը, որն օգտագործվում է բաց սրտի վիրահատության մեջ:

«Մարմինն ապահով կերպով փաթաթված էր հատուկ քնապարկով, որը դրված էր հեղուկ ազոտի մեջ: «Պացիենտ համար մեկ»-ն այնուհետև սառեցվել է մինչև չոր սառույցի ջերմաստիճան և տեղափոխվել մեր Հոլբրուկի հաստատություն», - հայտնել են ընկերությունից:

Այնուհետև մարմինն աստիճանաբար հասցվել է հեղուկ ազոտի ջերմաստիճանի՝ մինուս 200 աստիճան Ցելսիուսի ֆիրմայի հովացման խցիկում:

Շատ գիտնականներ մտահոգություն են հայտնել այս գործընթացի հիմքում ընկած գիտության և էթիկայի վերաբերյալ:

Թեև կենսաբանները ներկայումս հնարավորություն ունեն վերակենդանացնելու լաբորատոր պայմաններում աճեցված մի քանի հարյուր բջիջ, սակայն մարդուն կյանքի վերադարձնելը դեռևս գիտաֆանտաստիկայի ոլորտից է, եզրափակում է աղբյուրը:




Ավստրալիայում տղամարդու դին կրիոգեն եղանակով սառեցվել է՝ նրան վերակենդանացնելու հույսով