Իսրայելը 150 հարված է հասցրել «Հեզբոլլահ»-ի թիրախներին և այդ մասին զեկուցել Պենտագոնին. Լիբանանի հարավային սահմանի բնակիչներին կոչ է արվել հեռանալ տներից
Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր առավոտից հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ» շարժման ավելի քան 150 թիրախներին: Այս մասին, ինչպես գրում է Тhe Times of Israel-ը, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Հարվածներին մասնակցել են ռազմաօդային ուժերի բոլոր ջոկատների տասնյակ կործանիչներ։ Հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ բացահայտել է «Հեզբոլլահ»-ի նախապատրաստությունն Իսրայելի վրա խոշոր հրթիռային հարձակումներ իրականացնելու համար:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը զանգահարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին և քննարկել զարգացող իրավիճակը Իսրայելի և Լիբանանի հյուսիսային սահմանին։
Գալանտը մանրամասնել է, որ «Օսթինին տրամադրել է «Հեզբոլլահ»-ի կողմից սպառնալիքների գնահատականը և նրան զեկուցել Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների մասին»:
«Մենք նաև քննարկել ենք ավելի լայն տարածաշրջանային իրավիճակը, Իրանի և պրոքսիների կողմից բխող սպառնալիքները», - ասել է Գալանտը:
Բացի այդ, Լիբանանի հարավի և Բեքաա հովտի բնակիչները տեքստային հաղորդագրություններ են ստանում Իսրայելի բանակից, որում նրանց կոչ են անում հեռու մնալ «Հեզբոլլահ»-ի կողմից զենք պահելու համար օգտագործվող շենքերից:
«Եթե դուք գտնվում եք «Հեզբոլլահ»-ի զինատեսակներ ունեցող շենքում, հեռու մնացեք այնտեղից մինչև հետագա ծանուցում», - ասվում է տեքստային հաղորդագրություններում:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ուղերձ է հղել սահմանամերձ գյուղերի լիբանանցի խաղաղ բնակիչներին՝ զգուշացնելով «Հեզբոլլահ»-ի կողմից իրենց տները զենք պահելու նպատակով օգտագործելու առնչությամբ:
«Դիմում եմ Լիբանանի գյուղերի բոլոր բնակիչներին, առաջիկայում մենք հարվածելու ենք Լիբանանի ահաբեկչական օբյեկտներին։ Բոլորին, ովքեր գտնվում են տներում, որտեղ «Հեզբոլլահ»-ը զենք է թաքցնում, կոչ ենք անում անհապաղ հեռանալ այդտեղից: Սա ձեր անվտանգության և պաշտպանության համար է»,- ասել է նա։










