Ասիայում կեղծարարները գեղեցիկ կնոջ տեսքով «դիփֆեյքի» միջոցով խաբել են տղամարդկանց՝ յուրացնելով 46 մլն դոլար

13:39 • 16.10.24

Հոնկոնգի ոստիկանությունը հայտնել է, որ կեղծարարների խումբը, օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները, մասնավորապես «դիփֆեյք» գործառույթը, ստեղծել է գեղեցիկ կնոջ պատկեր և դրա միջոցով Ասիայում խաբել տղամարդկանց՝ յուրացնելով 46 մլն դոլար:

Ինչպես նշում է CNN-ը, կասկածները ցրելու համար «դիփֆեյք» և զոհի միջև կազմակերպվել են տեսազանգեր: 

Երկուշաբթի մամուլի ասուլիսում ոստիկանությունը հայտարարել էկեղծարարների ցանցի երկու տասնյակից ավելի անդամների ձերբակալության մասին, ձերբակալվել է 21 տղամարդ և 6 կին: Նրանց գործողությունների զոհ են դարձել տղամարդիկ՝ Թայվանից մինչև Սինգապուր և Հնդկաստան:

21-34 տարեկան կասկածյալները հիմնականում լավ կրթված են, շատերը՝ թվային տեխնոլոգիաների մասնագետներ: Կասկածյալներն աշխատել են արտասահմանյան ՏՏ մասնագետների հետ՝ կեղծ կրիպտոարժույթի հարթակ ստեղծելու համար, որտեղ զոհերին ստիպում էին ներդրումներ կատարել, ավելացրել է ոստիկանությունը:

Ըստ Հոնկոնգի ոստիկանության՝ գոյություն չունեցող գեղեցկուհու հետ կապված խաբեությունը սովորաբար սկսվում էր տեքստային հաղորդագրությունից, որտեղ ուղարկողը, ներկայանալով որպես գրավիչ կին, ասում էր, որ սխալմամբ է հեռախոսահամարն ավելացրել:

Ենթադրյալ խաբեբաներն այնուհետև առցանց սիրավեպ են սկսել իրենց զոհերի հետ՝ դիմացինի մոտ զարգացնելով մտերմության զգացում, ընդհուպ ամեն ինչ հասցնելով մինչև այն պահը, երբ նրանք սկսել են պլանավորել համատեղ ապագան:

Ոստիկանությունը հայտնել է, որ խումբը բարձր կազմակերպվածություն է ունեցել՝ բաժանված ստորաբաժանումների, որոնք պատասխանատու էին  խարդախության տարբեր փուլերի համար: Նրանք նույնիսկ ուսումնական ձեռնարկ են օգտագործել՝ անդամներին սովորեցնելու համար, թե ինչպես ճիշտ աշխատել՝ օգտվելով «զոհի անկեղծությունից և հույզերից»:

«Դիփֆեյքը» իրենից ներկայացնում է իրատեսական թվացող, սակայն կեղծ տեսանյութ, աուդիո և այլ բովանդակություն, որը ստեղծվում է արհեստական բանականության օգնությամբ: Տեխնոլոգիան հաճախ օգտագործվում է մարդկանց կողմից, որոնք ցանկանում են համոզիչ ապատեղեկատվություն տարածել:

Ասիայում կեղծարարները գեղեցիկ կնոջ տեսքով «դիփֆեյքի» միջոցով խաբել են տղամարդկանց՝ յուրացնելով 46 մլն դոլար