Հայաստանյան երգարվեստում որակական փոփոխությունների ակնկալիքով. ստեղծվել է «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա» հիմնադրամը

21:59 • 16.10.24

Հայաստանյան երգարվեստում որակական փոփոխությունների ակնկալիքով՝ ստեղծվել է «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա» հիմնադրամը՝ ՀԱԵԱ-ն: Այսօր տրվել է ՀԱԵԱ-ի գործունեության հանդիսավոր մեկնարկը։

ՀԱԵԱ-ն ստեղծելու է նպաստավոր պայմաններ երգարվեստի համաշխարհային շուկա դուրս գալու և արդյունավետ համագործակցությունների համար:

ՀԱԵԱ-ի նպատակն է՝ նպաստել  երաժշտական ճաշակի ձևավորմանը, խթանել արդիական և որակյալ երաժշտության ստեղծմանը, տարածմանը և հանրահռչակմանը: Հիմնադրամը զբաղվելու է երաժշտության ոլորտում հեղինակային ու հարակից իրավունքների հետ կապված հարցերի կարգավորմամբ՝ պաշտպանելով հայաստանյան երգարվեստի ներկայացուցիչների շահերը:

Այն կլինի լիցենզավորված հարթակ երաժշտական պրոդյուսերների, գործակալների, կայացած արտիստների և, ընդհանուր առմամբ՝ հայկական և համաշխարհային երաժշտության առանցքային դեմքերի միջև կապի համար։

Ակադեմիան ունի հետևալ կառուցվածքը` Ակադեմիայի անդամներ, Խորհրդի անդամներ, Խորհրդի նախագահ: Անդամակցության ժամկետը 2 տարի է։ Անդամները կարող են վերընտրվել կամ փոխվել։ Ակադեմիայի անդամ կարող են դառնալ Հայաստանում և արտերկրում ստեղծագործող հայազգի առաջատար երաժիշտներն ու կատարողները՝ կոմպոզիտորներ, դիրիժորներ, գործիքավորողներ, նաև՝ երաժշտական պրոդյուսերներ, երգերի բառերի հեղինակներ, ռեժիսորներ ու օպերատորներ, երաժշտական ոլորտի դասախոսներ, հեռուստատեսության և ռադիոյի ներկայացուցիչներ, ինչպես նաև երաժշտության բնագավառի հետ կապված տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ։

Ակադեմիան  կհամագործակցի բոլոր նրանց հետ, ովքեր իրենց ավանդն ունեն հայկական բարձրորակ երաժշտություն ստեղծելու գործում։ Նորաստեղծ ակադեմիայի նորընտիր նախագահը ներկայումս կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է:

«Հայկական ազգային երաժշտական ակադեմիա» հիմնադրամը նաև անցկացնելու է «Խազեր» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը՝ «Խազ» մրցանակով։ Մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկելու է արդեն այս տարվա նոյեմբերի 1-ից։

Հայկական ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը կկայանա 2025թ․ մարտի 15-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀԱԵԱ-ի պաշտոնական կայքէջում։

 

Հայաստանյան երգարվեստում որակական փոփոխությունների ակնկալիքով. ստեղծվել է «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա» հիմնադրամը