«Սիմֆոնիկ Հայ Ֆիլմ» բարեգործական համերգ՝ նվիրված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի և «C-squared» ընկերության նախաձեռնությամբ նոյեմբերի 4–ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Հայ Ֆիլմ» խորագրով բարեգործական համերգ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին։ Համերգի ընթացքում կհնչեն հայկական սիրված ֆիլմերի մեղեդիները։
Համերգի տոմսերի վաճառքից ստացված հասույթի 10 տոկոսը կուղղվի Ջիվան Ավետիսյանի «2020-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման աշխատանքներին (ֆիլմի հիմքում ավելի քան 40 բժիշկների հիշողություններն ու անձնական պատմություններն են), իսկ մյուս մասը «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։
Բարեգործական համերգի պրոմո հոլովակը կարելի է դիտել հետևյալ հղումով․ https://www.youtube.com/watch?v=-Y8U3t9VRw0։
Համերգի ծրագրին ծանոթանալ և տոմսեր գնել հնարավոր է tomsarkgh.am կայքի միջոցով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է Սերգեյ Սմբատյանի կողմից, ով նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է առ օրս։ Նվագախումբը մեկ հարկի տակ է հավաքել դասական երաժշտության ներկայացուցիչների, որոնց միավորել է Հայաստանում մշակութային իրազեկության ընդլայնման և դասական երաժշտության միջոցով մարդկանց ներաշխարհի հոգևոր կատարելագործման առաքելությունը։
Հայաստանի պետական նվագախումբը հանդես է գալիս հարուստ ու բազմազան երգացանկով, ինչպես նաև տարբեր ժանրեր ու կատարողական ձևաչափեր ընդգրկող տարեկան ավելի քան 50 համերգով։
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է՝ կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, պարզապես հայրենասերի ու օրինակելի հայի՝ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։ 3 տարվա ընթացքում հիմնադրամը տրամադրել է 23 մլն դրամի չափով կրթաթոշակ, ուսման վարձավճար, կրթական դրամաշնորհ և վերապատրաստման գումար, իրականացրել լայնածավալ հետազոտություն ՀՀ-ում կլինիկական դեղագիտության զարգացման հեռանկարներ նախանշելու ուղղությամբ։
«C-Squared»-ը միջազգային մեդիա ստուդիա է, որն արդի տեխնոլոգիաների միջոցով կարողանում է ձևափոխել տարածությունը։ Ընկերությունն օգտագործում է AR/VR համակարգեր, հոլոգրամներ, 3D քարտեզագրում, լուսային, լազերային էֆեկտներ և այլ լուծումներ։










