Հայաստանում բնապահպանների, ԶԼՄ-ների դեմ մասշտաբային հայցերը՝ միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում. մանրամասներ է ներկայացնում բնապահպանը
Հայաստանում ընթացող SLAPP (Strategic lawsuits against public participation) գործընթացների, դրանց դեմ արդյունավետ պայքարի, միջազգային կազմակերպությունների արձագանքների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Օլեգ Դուլգարյանի հետ:
- Պարո՛ն Դուլգարյան, ի՞նչ է SLAPP գործընթացը և երբվանի՞ց է այն ՀՀ-ում ավելի վառ սկսել դրսևորվել:
- SLAP գործընթացները, դրանք, երբ բնապահպաններին և ակտիվիստներին, ԶԼՄ-ներին, դատի են տալիս իրենց արտահայտած մտքերի համար: Սլապ գործընթացները Հայաստանում սկսվել են 2018 թվականից, երբ բնապահպաններին Ամուլսարի դեպքերից հետո սկսեցին դատի տալ: Այսինքն, պրակտիկան Հայաստանում այդ ժամանակ է սկսել:
- Ինչպիսի՞ միջազգային արձագանք կա, քանի որ նման հարցերի նկատմամբ միջազգային կազմակերպություներն ուշադիր են:
- Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, իմանալով, որ Հայաստանում SLAPP գործընթացներ են ընթանում, տարածել են մի շարք հայտարարություններ:
Օրինակ՝ «Կոալիցիան մարդու իրավունքների» կամ «Իրավապաշտպանները շարժման մեջ», «Երկիր մոլորակի բարեկամները» և նմանատիպ այլ միջազգային ակտիվիստական ցանցեր կան, որոնք հայտարարություն են տարածել, որ այն երևույթները, որոնք տեղի են ունենում այս տեսքով Հայաստանում, իրենք շատ մտահոգիչ են և նաև հարիր չեն ժողովրդավարական հասարակություններին: Կազմակերպություններ են եղել, որոնք դիմել են Հայաստանում նաև տարբեր երկրների առաքելություններին, ինչպես նաև պատկան մարմիններին՝ զգուշացնելով, որ այսպիսի պրոցեսներ են տեղի ունենում Հայաստանում:
Համաշխարհային պրակտիկայում SLAPP գործընթացները տարբեր կերպ են արտահայտվում: Այսպես ասած՝ ավելի քիչ ժողովրդավար երկրներում քաղաքացիական հայցեր են ներկայացվում, իսկ ավելի շատ ոչ ժողովրդավարական երկրներում ընդհուպ քրեական հետապնդումների է գործը հասնում: Օրինակ՝ Վրաստանում ժամանակին շատ ակտիվ է եղել այն, որ ԶԼՄ-ների, առանձին լրագրողների դեմ են հայցեր ներկայացրել քաղաքական գործիչները, Հայաստանում դա դրսևորվում է այլ կերպ, կազմակերպությունների կողմից, չնայած՝ այս դեպքերն էլ արդեն կան: 2018 թվականից սկսած, մոտ 30 այդպիսի գործեր կան, երբ տարբեր ակտիվիստների, գործիչների, իրավապաշտպանների և վերջին տարիներին նաև ԶԼՄ-ների նկատմամբ հայցեր են ներկայացվում արտահայտած մտքերի ու հրապարակումների համար:
Պետք է հիշեցնեմ, որ 2022 թվականի վերջին դեռևս SLAPP գործընթացի մեջ գտնվող, այսինքն, մի դեպքով ավարտված և տուգանք վճարած Թեհմինե Ենոքյանի դեմ երկրորդ հայցը ներկայացվեց, այդ անգամ արդեն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» էր հայց ներկայացրել նրա նկատմամբ: Սա, իհարկե, վատ պրակտիկա է:
-Պարոն Դուրգարյան, այո,՛ դա վատ պրակտիկա է: Բազմաթիվ ԶԼՄ-ների, ակտիվիստների, բնապահպանների, այդ թվում՝ Ձեր նկատմամբ, հայցեր են ներկայացվել: Ո՞րն է դրա դեմ արդյունավետ պայքարի միջոցը:
- Համաշխարհային հանրությունը տեղյակ է այս ամենին: Թե՛ Եվրախորհուրդը, թե՛ Եվրոպական Միությունն ունեն ընդունված չափորոշիչներ, որով կոչ են անում գործընկեր երկրներին, որ մշակեն այնպիսի օրենսդրություն, որ բնապահպաններին կամ ԶԼՄ-ներին պաշտպանեն SLAPP գործընթացներից:
Իմունիտետային մի օրենսդրություն պետք է լինի, որպեսզի այսպես ասած, ամեն մի արտահայտած մտքի համար ակտիվիստին կամ ԶԼՄ-ին չկարողանան դատի տալ: Օրենքով դա պաշտպանված պետք է լինի: Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, և Եվրախորհուրդը բավականաչափ լայն, այսպես ասած, դիրեկտիվաների համախումբ ունի, որը կարծես թե, Հայաստանում չեն էլ դիտարկել:
Այսինքն, հարցն այս պահին բավականաչափ լայն քննարկվում է, այսինքն ոչ թե հենց բուն հայաստանյան պատկան մարմինների շրջանակներում, այլ Հայաստանի գործընկեր միջազգային կազմակերպության շրջանակներում, և կան խորը մտահոգություններ և հորդորներ, որպեսզի Հայաստանում մշակվեն համապատասխան օրենքներ և օրենսդրություններ:
Սա կարծես հենց սկիզբն է, որով այդ հարցն ուշադրության արժանացավ Հայաստանում: Այդ՝ այսպես ասած միջազգային ուշադրության կենտրոնում հայտնվելու պատճառով առաջիկայում մենք ականատեսը կլինենք այդ ուղղությամբ Հայաստանում իսկապես որոշակի շարժերի, փոփոխությունների: Միջազգային գործընկերների հորդորը սկսել է շատանալ, և այն վատ պրակտիկան, որ մենք ունենք՝ վճիռներ կայացված հօգուտ ընկերությունների, ի վնաս օրինակ ակտիվիստների, պետք է սկսեն փոխել Հայաստանում:
Գիտեմ նաև, որ վերջերս վճիռ էր կայացվել հօգուտ Tert.am-ի, երբ դատարանը մերժել էր հայցը, որը սակայն կազմակերպության՝ այս դեպքում ԶՊՄԿ-ի կողմից բողոքարկվել է: Դա շատ ողջունելի է, դա էլ ոնց որ արդեն խոսում է, որ, այո, Հայաստանում այդ առումով ահագին իրազեկվածությունը հիմա բարձրանում է:
Պետք է նշենք, որ սլապ պրոցեսներն, ընդհանրապես, նրա համար են, որ լռեցնեն մարդկանց: Դրանք իրականացվում են՝ ընտրելով թիրախ, ինչը կբերի նրան, որ ոչ թե կոնկրետ տվյալ թիրախին լռեցնեն, այլ որ մյուսներն էլ չխոսեն, վախենան և լռեն:
- Դուք դա արդեն իսկ զգացել եք, պարոն Դուլգարյան, Ձեր և մի շարք այլ բնապահպանների և ԶԼՄ-ների դեմ ԶՊՄԿ-ի ներկայացված հայցերից հետո բոլորը հրաժարվում էին խոսել ԶՊՄԿ-ի մասին առհասարակ որևէ բան:
- Այստեղ մենք պետք է խնդիրը դիտարկենք ոչ թե կոնկրետ մեկ, երկու ընկերության դիտանկյունց, այլ որպես համակարգային: Ինչպես նշեցի՝ 18 թվականից Հայաստանում պրակտիկա է ձևավորվել, երբ որ բնապահպաններին, հետո նաև լրատվամիջոցներին դատի են տալիս որոշակի իրենց գործունեությունից բխող արտահայտությունների համար:
- Պարոն Դուլգարյան, այդ միջազգային կազմակերպությունները, որոնք մտահոգված են ՀՀ-ում SLAPP գործընթացներով, Ձեզ կամ մյուս բնապահպանների հետ կապ կապ հաստատե՞լ են:
- Այո, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ինձ հետ կապվել են, հարցրել են՝ ի՞նչ է տեղի ունեցել, հետաքրքրվել են՝ քանի՞ դեպք է եղել: Գիտեն, որ Հայաստանում նման դեպքերով անցնում են թե՛ ակտիվիստներ և թե՛ զանգվածային լրատվության միջոցներ: Ասեմ ավելին՝ հարցազրույցներ են վերցրել ԵՄ երկրների լրատվամիջոցներ Հայաստանում տեղի ունեցող SLAPP գործընթացների վերաբերյալ։ Այսինքն, միջազգային մամուլում քննարկվում է այս հարցը, հատկապես Եվրամիության երկրներում, ես ևս հարցազրույցներ եմ տվել, որոնք առաջիկայում կհրապարակվեն:










