ՌԴ ՔԿ ղեկավարն Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ քննարկել է Ակտաուում ավիավթարի հետաքննության ընթացքը
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ՝ քննարկելով Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հանգամանքների հետաքննության ընթացքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյան ալիքում հաղորդագրություն է տարածել ՌԴ ՔԿ-ն:
Հստակեցվում է, որ քննարկվել է ռուս քննիչների ու քրեագետների համակողմանի փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Ղազախստանի քննչական, օպերատիվ խմբերի գործընկերների հետ։
Բացի այդ, ՌԴ քննչական կոմիտեի նախագահը հավաստիացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազին, որ Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությանը ներգրավված են ՔԿ կենտրոնական ապարատի փորձառու աշխատակիցներ։
Նա նաև նշել է, որ կատարվում են քննչական գործողություններ, որոնց նպատակն է պարզել ողբերգության բոլոր պատճառներն ու հանգամանքները։
Զրույցի ընթացքում Բաստրիկինն ու Ալիևը պարզել են «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման գործով համատեղ հետաքննության խնդիրները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հետագա համակողմանի համագործակցության համար։
Դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։ Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից «ՌԴ օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար»։ Նա նշել է, որ տարածքում աշխատել է ՌԴ ՀՕՊ համակարգը, սակայն ուղիղ չի ասել, որ դա է եղել ինքնաթիռի կործանման պատճառը։










