Փարաքարի փրայմըրիզին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում՝ նախկին համայնքապետը
Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու։ Նրանք են՝ Արփինե Առաքելյանը, համայնքապետի պաշտոնից հրաժարված Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:
Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի տարածած հայտարարությունից։
«ՔՊ Վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը: Նախնական ընտրություններում ամեշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Փարաքարի նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ տեղի էր ունեցել վիճաբանություն, որտեղ Գյուլնազարյանը ևս ներկա էր եղել և այդ վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ։
Ըստ լուրերի՝ նա էլ է վիճաբանության ժամանակ վնասվածքներ ստացել։
Գյումրիից հետո Փարաքարը երկրորդն է, որտեղ փրայմըրիզով ղեկավար կնշանակի վարչապետ Փաշինյանը:










