Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են մարդատար «Գազել»-ն ու «Opel»-ը, կարճ ժամանակ անց էլ «BMW»-ն բախվել է «Գազել»-ի հետնամասին

22:04 • 07.01.25

Հունվարի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են մարդատար «Գազել» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկները, ժամը 20:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվում է «Գազել»-ի հետնամասին, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվում են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասնում քաղաքացիները, տվյալ վայրում ծառայություն կատարող պարեկներն ու օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «Գազել»-ի գազաբալոնի արտահոսքը և տեղում իրականացնում են հերթապահություն։

Ոստիկանության ծառայողները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։