Ստուգումներ իրականացրել ենք այն դպրոցներում, որտեղ նախորդ տարվա ընթացքում շրջայցեր էր իրականացրել վարչապետը. ՊՎԾ ղեկավարը՝ դպրոցի ցնցուղի մասին
Ստուգումներ իրականացրել ենք այն դպրոցներում, որտեղ նախորդ տարվա ընթացքում շրջայցեր էր իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք խախտումներ հայտնաբերել։ Այս մասին այսօրվա կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
«Հենց այն դպրոցում (որտեղ կոտրած ցնցուղ էր տեղադրված-Tert.am) վերահսկողություն իրականացվել է։ 5 մարզադպրոցի մարզադահլիճներում, որտեղ նմանատիպ խախտումներ էին հայտնաբերվել վարչապետի շրջայցերի ընթացքում, ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել։ Ինչ վերաբերում է ցնցուղին և ուռճացված գնագոյացմանը, մենք որոշակի վերլուծություն ենք իրականացրել, նաև զեկուցել ենք վարչապետին։ Առաջարկներ են ներկայացվել հանձնարարականներ տալու լիազոր մարմիններին, գնումների գործընթացներում անհրաժեշտ շտկումներ և որոշ ընթացակարգերի լավարկման առաջարկներ ենք արել»,-նշեց Պետրոսյանը։
Նրա խոսքով, ԿԳՄՍՆ-ն և քաղշինկոմիտեն գնային մեծ սողանցք էին թողել և պատշաճ չէին ձևակերպել տեխնիկական բնութագրերի պահանջները։
«Արդյունքում ունեինք նվազագույն որակ և առավելագույն վաճառքի գին ներկայացված փաստաթղթավորում։ Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում»,-ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը անցած տարի մարզային այցերի ընթացքում այցելել էր Արմավիրի մարզի Արագած բնակավայրի 348 աշակերտ ունեցող՝ Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց: Շրջայցի ընթացքում Փաշինյանը բազմաթիվ դժգոհություններ է ունեցել ջրի թույլ ամրացված ծորակներից, լոգարանի անորակ ցնցուղներից և այլն:
Մասնավորապես, Փաշինյանը դպրոցի ցնցուղներից մեկը քանդեց և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը՝ հանձնարարելով. «Տիկի՛ն Անդրեասյան, սա վերցրե՛ք և տեսե՛ք, թե տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է տրված, և սա ինչ արժե մեր շուկայում»:














