«Գիտության կազմակերպում և կառավարում». Արմեն Ճուղուրյանի ու Ատոմ Մխիթարյանի նոր գիրքը մեկնաբանում է գիտության կազմակերպման արդի ուղղությունները (լուսանկարներ)

12:36 • 25.01.25

Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ  քննարկում՝ նվիրված գիտության կազմակերպման և արդյունավետ կառավարման հիմնախնդիրներին և դրանց լուծման ռազմավարական ուղիներին։ Քննարկման մասնակիցներին ներկայացվեց նաև «Գիտության կազմակերպում և կառավարում» ուսումնական ձեռնարկը, որի հեղինակներն են Արմեն Ճուղուրյանը և Ատոմ Մխիթարյանը: Այն երաշխավորված է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից:

Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը՝ ողջունելով ներկաներին:

«Գիտության կազմակերպում և կառավարում» ուսումնական ձեռնարկում ներկայացված են գիտության կազմակերպման և արդյունավետ կառավարման առանքցային հիմնախնդիրները և դրանց լուծման ռազմավարական ուղիները: Ձեռնարկը նախատեսված է կրթության կառավարիչների, ուսանողների, համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի համար:

«Գիրքը մեկ տարվա աշխատանք է, որը ամփոփում ենք հենց այսօր՝ կրթության միջազգային օրը: Գրքի նախորդ չորս համարները նույնպես մենք անցած տարի ներկայացրեցինք հենց նույն վայրում: Ձեռնարկը օգտակար է կրթության կազմակերպման և կրթության կառավարման ոլորտներում ներգրավված ուսանողների, դասախոսների, գիտնականների համար։ Գիրքը չորս գլխից է բաղկացած, այն անդրադառնում է այնպիսի արդիական խնդիրների ինչպիսիք են  կանաչ գիտությունը, արհեստական բանականությունը և ոչ միայն: Անդրադարձել ենք այնպիսի հարցերի, թե ինչպես ձևափոխել Հայաստանի օրենսդրությունը, որպեսզի գիտության զարգացման արդյունավետությունը զարգանա, մենք նաև տալիս ենք հատուկ կոնցեպցիա, թե ինչպես կարելի է գիտությունը զարգացնել և զարգացման որ մոդելը ընտրել Հայաստանի համար: Հայաստանում 50-ից ավելի գիտական կազմակերպություններ կան, նրանցում ընդգրկված է 150-200 մարդ, որոնք անմիջապես զբաղված են գիտության կառավարման խնդիրներով և լավ կլինի, որ սա դառնա նրանց սեղանի գիրքը, ինչը և մենք ապահովելու ենք, ուղարկելու ենք բոլորին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ձեռնարկի համահեղինակ Ատոմ Մխիթարյանը:

Հեղինակների խոսքով՝ ուսումնական ձեռնարկի նպատակը գիտության կազմակերպման արդի ուղղությունների մեկնաբանումն է՝ հիմք ընդունելով գիտահետազոտական աշխատանքների էկոհամակարգը: Մասնավորապես մեկնաբանությունների են արժանացել  գիտության սահմանման  առանցքային հիմնադրույթները, «կանաչ գիտության» զարգացման  սկզբունքները, շուկայամետ  գիտական հետազոտությունների բնորոշումները, արհեստական բանականության  գիտալիքաստեղծ հնարավորությունները, որոնք գիտության կազմակերպման  առանձնահատուկ մոտեցումներ են պահանջում:

«Գրքի հիմնական ողնաշարը գիտության կազմակերպման բարելավման հնարավորությունների ներկայացումն է հանրությանը: Մենք այսօր ունենք գիտություն, բայց ունենք գիտության վատ կազմակերպում, գիտական արտադրանքը ստեղծվում է և մնում է թղթի վրա: Մենք ուզում ենք անցում կատարել գիտությունը գիտության համար կոնցեպտից դեպի գիտությունը հասարակության շարժիչ ուժ կոնցեպտի, որովհետև գիտության թե՛ կառավարումը, և թե՛ կազմակերպումը մեզ մոտ լիարժեք արդյունավետորեն չի գործում:  Փորձել ենք այս ձեռնարկով ներկայացնել այն հնարավորությունները, որոնք կբարձրացնեն գիտության, կառավարման և կազմակերպման արդյունարար մոտեցումները»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ձեռնարկի համահեղինակ  Արմեն Ճուղուրյանը:

Ուսումնական ձեռնարկում  շեշտադրումներ են կատարվում  գիտահետազոտական աշխատանքների էկոհամակարգերի ներդաշնակ գործունեության կազմակերպչական հարցերին:

Հեղինակները հույս ունեն, որ ներկայացվող ձեռնարկը կնպաստի գիտահետազոտական գործունեության կառավարիչների կազմակերպական հմտությունների բարելավմանը:

 

«Գիտության կազմակերպում և կառավարում». Արմեն Ճուղուրյանի ու Ատոմ Մխիթարյանի նոր գիրքը մեկնաբանում է գիտության կազմակերպման արդի ուղղությունները (լուսանկարներ)