Alibaba Cloud-ը ներկայացրել է արհեստական բանականության նոր հավելված
Չինական Alibaba Cloud ընկերությունը ներկայացրել է արհեստական բանականության նոր հավելված՝ Qwen2.5-Max, որը, ստեղծողների պնդմամբ, գերազանցում է DeepSeek չաթբոտին: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մշակողները հայտնել են WeСhat սոցիալական ցանցում։
Alibaba Cloud-ի թիմը, օգտագործելով 11 թեստ, Qwen2.5-Max-ը համեմատել է DeepSeek-V3-ի և Llama-3.1-405B-ի (Meta AI) հետ՝ պարզելով, որ իրենց մոդելը գերազանցել է մրցակիցներին բոլոր թեստերում:
«Նոր մոդելը ցուցադրում է չափազանց հզոր համալիր կատարողական»,- ասվում է Alibaba Cloud-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ չինական DeepSeek ընկերությունը հունվարի 20-ին թողարկել էր արհեստական բանականության չաթբոտի նոր տարբերակը, որը, ինչպես պնդում են, գերազանցում է ամերիկյան OpenAI ընկերության առաջադեմ ChatGPT տարբերակին: Միևնույն ժամանակ, չինական չաթբոտի մշակողները, նշում են փորձագետները, շատ ավելի քիչ գումար են ծախսել OpenAI-ի համեմատ։










