Google-ի համահիմնադիրն աշխատակիցներին կոչ է արել շաբաթական 60 ժամ աշխատել՝ ընկերության առաջատար դիրքն ապահովելու համար

10:14 • 04.03.25

Ամերիկյան Google ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինը Gemini արհեստական բանականության հավելվածի բաժնի աշխատակիցներին կոչ է արել շաբաթական 60 ժամ աշխատել (նորման 40-45 ժամ է)՝ բացատրելով, որ դա անհրաժեշտ է արհեստական բանականության ոլորոտի մրցավազքում Google-ի առաջատար դիրքն ապահովելու համար: Այս մասին գրում է nytimes.com-ը:

«Նրանք, ովքեր աշխատում են նվազագույն չափով, ոչ միայն անարդյունավետ են, այլև բարոյալքում են մյուսներին», - կարծում է Google-ի համահիմնադիրը, որը կոչ է արել 60-ժամյա աշխատանքային շաբաթ  սահմանել՝ ընդ որում ապահովելով ամենօրյա ներկայություն գրասենյակում: Սա, նրա համոզմամբ, «արտադրողականության օպտիմալ մակարդակն է»։

Ներկայում Google-ի աշխատակիցների համար գործում է կանոն, որը պահանջում է շաբաթական ընդամենը երեք օր աշխատել գրասենյակում:

Ըստ Բրինի՝ Google-ը պետք է հաղթի արհեստական ​​բանականության մրցավազքում, իսկ դա պահանջում է աշխատակիցների առավելագույն ներգրավվածություն։

Ինչպես նշում է Bild-ը, աշխատաշուկայի արևմտյան փորձագետները, ինչպես և ակնկալվում էր, քննադատել են այս գաղափարը: Ժամանակի կառավարման մասին գրքերի հեղինակ Լաուրա Վանդերկամը կարծում է, որ «շատ քչերը կարող են հետևել նման գրաֆիկի՝ առանց գերհոգնելու»։ Նրա կարծիքով՝ օպտիմալ աշխատանքային գրաֆիկը շաբաթական 45-50 ժամն է։

Տորոնտոյի համալսարանի մենեջմենթի պրոֆեսոր Ջոն Տրուգակասը, իր հերթին, նշել է, որ կարևոր է ոչ թե ժամերի քանակը, այլ աշխատանքի արդյունավետությունը։

 

 

Google-ի համահիմնադիրն աշխատակիցներին կոչ է արել շաբաթական 60 ժամ աշխատել՝ ընկերության առաջատար դիրքն ապահովելու համար