Neuralink-ն առաջին անգամ մարդուն կփոխպատվաստի իմպլանտ, որը թույլ կտա վերականգնել ի ծնե կույրերի տեսողությունը
Neuralink ընկերությունն առաջին անգամ մարդուն կփոխպատվաստի Blindsight տեսողական իմպլանտը, որը կօգնի տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց; Դա կարող է տեղի ունենալ 2025 թվականի վերջին, հաստատել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որին պատկանում է Neuralink-ը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Համապատասխան տեղեկությունը հրապարակել է X սոցցանցում օգտատերերից մեկը, Մասկն այն վերահրապարակել է X սոցիալական ցանցում։
«Իլոն Մասկի Neuralink ընկերությունը մտադիր է 2025 թվականի վերջին առաջին անգամ մարդուն փոխպատվաստել նոր Blindsight իմպլանտը: Սարքը նախատեսված է ամբողջովին կույր մարդկանց տեսողությունը վերականգնելու համար»,- ասվում է X սոցիալական ցանցում օգտատերի գրառման մեջ, որը վերահրապարակել է ձեռնարկատերը։
Հրատարակությունը նշում է, որ Մասկն այս հայտարարությունն արել է կիրակի Վիսկոնսինում կայացած համաժողովի ժամանակ։ Հրապարակմանը կցված է նաև իմպլանտի նկարը։
2024 թվականի սեպտեմբերին Մասկը ասել էր, որ Neuralink տեսողական իմպլանտն ի ծնե կույր մարդկանց թույլ կտա տեսնել: Միլիարդատիրոջ խոսքով՝ սկզբում պատկերի որակը ցածր կլինի, ինչպես Atari խաղային հարթակների գրաֆիկան, սակայն ապագայում սարքը թույլ կտա տեսողություն ունենալ ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն սպեկտրում և կկարողանա ընդունել ռադարի ալիքի երկարությունները։










