Մի շարք գործեր կկարճվեն. տեղի է ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը ՍԴ որոշման համատեքստում» համաժողովը (տեսանյութ)
«ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ այսօր կազմակերպել էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողով, որի ընթացքում ոլորտի ներկայացուցիչները խոսեցին օրենքի մասին: Համաժողովի կազմակերպիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանն անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների ուսումնասիրության հիմքերին՝ նշելով, որ ապօրինի գույքի բռնագանձման մոտ 140 վարույթ կա հարուցված։
Մելոյանի խոսքով՝ վերացական հսկողության շրջանակում ՍԴ-ն օրենքը ճանաչել է սահմանադրական, բայց այն չի սահմանափակում առանձին դիմումների ներկայացումը ՍԴ՝ մարդկանց առանձին իրավունքների հակասահմանադրականությունն ապացուցելու համար։ Անդրադառնալով ապօրինի գույքի վերաբերյալ ՍԴ որոշմանը, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ որոշումը բավական ընդարձակ է, դեռ պետք է լավ ուսումնասիրել այն:
«Մեզ մոտ, իմ կարծիքով, ամենամեծ խնդիրը՝ երկուսը կնշեմ, մեկը օրենքի չափազանց երկար հետադարձ լուծումն է՝ մինչև 91 թվականը, և երկրորդ խնդիրը, որ քրեական գործի հետ զուգամիտում երբ որ լինում է, այստեղ արդեն երբեմն քաղդատավարությունը կարելի է կոնկրետ գործով, կոնկրետ հանգամանքներում համարել որպես քողարկված քրեական հետապնդում»,-ասաց Արա Ղազարյանը:
Անդրադառնալով ՍԴ եզրակացությանը՝ Արա Ղազարյանն ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերում պետք չէ մեղադրական դատավճիռ, այլ բավարար է ողջամիտ հավաստիությամբ հանցավոր վարքագծի առկայությունը: Նա նշեց, որ միայն ՍԴ-ն չէ այդ մոտեցման կողմնակից, այլ կոռուպցիայի կանխարգելման ամբողջ գլոբալ քաղաքականությունն է գնում այդ ուղղությամբ; Նրա խոսքով՝ չի կարելի քաղաքացիական գործերը զուգամիտել քրեական գործերի հետ:










