«Մարդկանցից դեպի եկամուտ. ինչպես է գործատուի բրենդը նպաստում բիզնեսի աճին». Career City Fest 2K25-ի շրջանակում բանախոսել է համաշխարհային փորձագետ Ռիչարդ Մոսլին (տեսանյութ, լուսանկարներ)
Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնի շրջանակում տեղի ունեցավ բացառիկ մասնագիտական հանդիպում, որը վարեց գործատուի բրենդի ոլորտի համաշխարհային փորձագետ Ռիչարդ Մոսլին, որը գործատուի բրենդինգի թեմայով երեք ազդեցիկ գրքի հեղինակ է: Վերջիններս այսօր համարվում են ոլորտի կարևորագույն ուղեցույցներ։
«Մարդկանցից դեպի եկամուտ. ինչպես է գործատուի բրենդը նպաստում բիզնեսի աճին» թեմայով 90 րոպեանոց հանդիպման ընթացքում Մոսլին կիսվեց արդյունավետ գործատուի բրենդ ձևավորելու ռազմավարություններով: Ներկայացրեց, թե ինչպես կարող է գործատուի բրենդը նպաստել կազմակերպության շահութաբերության աճին, ծախսերի օպտիմալացմանը, ինչպես նաև տաղանդավոր աշխատակիցների ներգրավմանն ու պահպանմանը: Բանախոսը խոսեց այն մասին, թե ինչպես կառուցել գործատուի այնպիսի բրենդ, որ հնարավոր լինի տվյալ ոլորտի համար սահմանված միջին աշխատավարձի դիմաց ներգրավել ավելի բարձր որակի տաղանդների, ինչպես գրավել աշխատակիցների այն դեպքում, երբ նույն աշխատավարձն առաջարկում են մրցակից ընկերությունները:

Աշխատակիցների ներգրավվածությունն ու հավատարմությունը բիզնեսի հաջողության վերածելու համար կազմակերպությունները պետք է քայլեն ժամանակին համընթաց՝ պատրաստ լինելով փոփոխությունների։ Ամեն նոր սերունդ, որը մուտք է գործում աշխատաշուկա, ունի իր սպասումներն ու փորձում է փոխել գործող կանոնները, իսկ մրցունակ գործատուի ամենակարևոր հատկանիշներից է այդ փոփոխություններին կանխատեսելիորեն արձագանքելը։

«Գործատուի բրենդավորման տեսանկյունից Զեթ սերունդը որոշ չափով փոխել է խաղի կանոնները: Եթե նախկինում՝ X և մասամբ նաև Y սերունդների համար առաջնային էր պայմանավորվածությունը՝ ինչ կստանան, ինչ արտոնություններ կլինեն, ապա Z սերնդի համար շատ ավելի կարևոր է այն զգացողությունը, որ ստանում են աշխատանքի վայրում։ Նրանք ցանկանում են լսել իրական աշխատակիցների պատմությունները, պատկերացում կազմել թիմի մասին, իմանալ՝ ինչ մարդկանց հետ են աշխատելու, ինչ արժեքներ է կրում կազմակերպությունը և որքան ազատություն կունենան ինքնադրսևորվելու համար: Այս սերունդն ակնկալում է անկեղծություն, արժեքներ և ինքնաարտահայտման հնարավորություն»,- այս մասին փորձագետը խոսեց նաև Career City Fest-ի պաշտոնական մեդիա գործընկեր Tert.am-ի հետ զրույցում:
Հայկական ընկերությունների ներկայացուցիչների ու բրիտանացի փորձագետի հանդիպումը կազմակերպվել էր Skill Event Marketing ընկերության WORLD’S TOP SPEAKERS IN ARMENIA նախագծի շրջանակում: Ընկերությունը 2017 թվականից Հայաստան է հրավիրում միջազգային հեղինակություն ունեցող փորձագետների ու խոսնակներ, ինչպիսիք են Բրայան Թրեյսին, Կյել Նորդստրյոմը, Ջոն Շոուլը, Քևին Գասքելը, Իրինա Խակամադան, Ալեքսեյ Սիտնիկովը, Միխայիլ Լաբկովսկին և այլք։

Ռիչարդ Մոսլիի փորձն այսօր ուսումնասիրվում է առաջատար բիզնես դպրոցներում և կիրառվում՝ համաշխարհային HR հարթակներում։










