Թուրքիայում բնակիչների ինքնազգացողությունը վատացել է ավելի քան 20 տոննա կանեփի այրումից հետո

16:08 • 07.05.25

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի 25,000 բնակիչ ունեցող Լիջե քաղաքում ոստիկաններն այրել են 20 տոննա 766 կգ 679 գր կանեփի առգրավված թփեր, ինչի հետևանքով օդը լցվել է կանեփի թանձր ծխով, գրում է Oddity Central-ը:

Նշվում է, որ օրեր շարունակ բնակիչները չեն կարողացել բաց թողնել պատուհանները, խուսափել են դուրս գնալուց, քանի որ օդում հայտնված նյութերը վատացրել են նրանց ինքնազգացողությունը, առաջացել են գլխապտույտ, սրտխառնոց:

Ոչնչացված կանեփի արժեքը կազմում է ավելի քան 261 մլն դոլար։

«Թմրանյութի հոտը պարուրել է թաղամասը օրեր շարունակ։ Մենք չենք կարող բացել պատուհանները: Մեր երեխաների ինքնազգացողությունը վատացել է, անընդհատ հիվանդանոց ենք գնում», - բողոքել է տեղացիներից մեկը:

Բնակիչները նշել են, որ թեև թմրանյութերի դեմ պայքարում իշխանությունների գրանցած հաջողությունները կարևոր են, սակայն կանեփի ոչնչացման այս եղանակը ճիշտ չէ։ Ոստիկանությանը խորհուրդ է տրվել կանեփը վերացնել հատուկ գործարաններում, որպեսզի ծխի ազդեցությունը տեղի բնակչության վրա չազդի:

«Ինչպես գիտեք, նման խոտաբույսերի ոչնչացումը կամ այրումը կարող է նաև լուրջ թունավորում առաջացնել: Ինչպես ծխախոտը վնասում է պասիվ ծխողներին, երբ օգտագործվում է փակ տարածքում, նման թմրամիջոցներից առաջացող ծուխը կարող է լուրջ անհանգստություն պատճառել մարդկանց: Այն կարող է մարդկանց հարբեցնել, գլխապտույտ, սրտխառնոց և հալյուցինացիաներ առաջացնել», - նշել է մասնագետը: