Google Meet-ում ներդրվել է համաժամանակյա թարգմանության գործառույթ՝ խոսողի ձայնի ու տոնայնության ճշգրիտ կրկնությամբ

11:33 • 22.05.25

Google Meet հավելվածում ներդրվել է արհեստական բանականության միջոցով խոսքի համաժամանակյա թարգմանության գործառույթ՝ խոսողի ձայնի ու տոնայնության ճշգրիտ կրկնությամբ: Այս նորարարությունը կարող է  հեշտացնել միջազգային շփումը:

Այն աշխատում է այսպես. երբ տեսազանգի մասնակիցն ակտիվացնում է հնարավորությունը, արհեստական ​​բանականությունն իրական ժամանակում խոսքը փոխակերպում է այլ լեզվի։  Օգտատերը լսում է բնօրինակ ձայնը հետին պլանում, բայց հիմնական ձայնն արդեն թարգմանությունն է։

Մեկ այլ կարևոր հատկանիշ՝ համակարգը փորձում է փոխանցել ոչ միայն բառերը, այլ նաև ինտոնացիան, էմոցիաները և տոնայնությունը, որպեսզի երկխոսությունը հնարավորինս բնական լինի։ Սա կարող է փոխել այն մարդկանց  հաղորդակցվելու ձևը, որոնք նույն լեզվով չեն խոսում:

Գործարկման ժամանակ առայժմ աջակցվում են միայն անգլերենը և իսպաներենը, սակայն Google-ը խոստանում է առաջիկա շաբաթների ընթացքում ավելացնել ավելի շատ լեզուներ: Գործառույթը հասանելի է բետա տարբերակով այն օգտատերերի համար, որոնք բաժանորդագրված են Google-ի AI Pro պլանին կամ նոր AI Ultra-ին, որի արժեքը ամսական $249,99 է:

Google Meet-ում ներդրվել է համաժամանակյա թարգմանության գործառույթ՝ խոսողի ձայնի ու տոնայնության ճշգրիտ կրկնությամբ