Երիտասարդ կոմպոզիտոր Գրիգորի Բալասանյանը դասական երաժշտության աշխարհի ապագա Արամ Խաչատրյանն է. Նաիրա Գյուրջինյան

00:11 • 11.07.25

Երիտասարդ ու խոստումնալից կոմպոզիտոր Գրիգորի Բալասանյանը վերջերս ավարտեց Բերքլիի Բոստոն կոնսերվատորիան, ընդ որում՝ սահմանված ժամկետից մեկ տարի շուտ: Երիտասարդ կոմպոզիտորը կոնսերվատորիայի կողմից նաև ընտրվել էր որպես խոսնակ՝  ավարտական արարողության ժամանակ ուսանողերի առաջ ելույթով հանդես գալու համար: Իր ուսումը Գրիգորին, սակայն, շարունակելու է Ալմա մատրում՝ արդեն որպես մագիստրոս: 

Գրիգորիի երաժշտական ուղին սկսվել է դեռ մանկուց՝ 6 տարեկանից: Արդեն 10 տարեկանում տաղանդավոր կոմպոզիտորըը թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը: Երաժշտության աշխարհում Գրիգորիի առաջին ուսուցիչներից մեկը եղել է երաժշտագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գյուրջինյանը: Tert.am-ի խնդրանքով՝ վերջինս վերհիշել է Գրիգորիի առաջին քայլերը:

-Տիկին Գյուրջինյան, Դուք դասավանդել եք Գրիգորիին 6 տարեկանից։ Ի՞նչ եք հիշում այդ տարիներից: Այդ ժամանակ արդեն նկատելի՞ էր, որ Ձեր առջև յուրահատուկ երեխա է։ 

-Գրիգորիի հետ սկսել ենք աշխատել շատ երիտասարդ տարիքից, երբ մայրը նրան բերեց ինձ մոտ վոկալի դասընթացների։ Երաժշտական ունակություններն ստուգելուց հետո միանգամայն պարզ դարձավ, որ Գրիգորին ունի երաժշտական լսուղություն և շատ լավ ռիթմի զգացողություն։ Մի քանի դասից, իհարկե, բարդ է մատնանշել երեխայի տաղանդը, բայց շատ քիչ ժամանակ անց, առանց կասկածի, պարզ դարձավ, որ երեխան ունի երաժշտության հանդեպ յուրահատուկ մոտեցում։ Գրեթե ամեն դասին Գրիգորին զարմացնում էր ինձ իր գրած փոքրիկ մեղեդիներով, որոնք ինքը փորձում էր ինձ ցույց տալ՝ առանց նոտագրությանը տիրապետելու։ Եվ իր փոքրիկ ձեռքերով, մի մատիկով նվագում էր այդ մեղեդիները և պարտադրում էր ինձ նվագակցել իրեն, քանի որ տարված էր երաժշտական հարմոնիկ աշխարհով, ինչը 6 տարեկան երեխայի համար առանձնահատուկ է։ Նա շատ ջերմ, հետաքրքասեր երեխա էր, և չնայած իր տարիքին՝ խմբում առաջնորդ էր։ 

Մեծ կարևորություն ունի ցանկացած երեխայի համար հայտնվել ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին, և շրջապատում ունենալ մարդիկ, որոնք կնպաստեն իր առանձնահատուկ տաղանդի զարգացմանը։ Գրիգորիի դեպքում դա իր մայրն էր՝ Մարինան, ով չնայած կյանքի տարբեր դժվարություններին՝ միշտ եղել է իր երեխայի կողքին։ Մարինան, իմ խնդրանքով, տղային տարավ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոց, որ Գրիգորին կարողանա զարգանալ արդեն ակադեմիկ միջավայրում։

Տարիների ընդացքում, երբ արդեն իր ստեղծագործությունները բավականին լրջացան, Գրիգորին 10 տարեկանում թողարկեց իր առաջին փոքրիկ ստեղծագործություների ձայնասկավառակը ՝ «Մեղեդին», որի շնորհանդեսի ժամանակ, երբ ինձ խոսք տրվեց, ես իր հսկայական աշխատանքը գովաբանելուց հետո, կեսկատակ ասացի. «Արդեն ժամանակն է գրել ավելի ծավալուն ստեղծագործություն, ի՞նչ ես կարծում, օրինակ՝ բալետ «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի հիման վրա»։

Մի քանի ամիս անց, երբ ես արդեն մոռացել էի այդ «առաջադրանք»-ի մասին, Գրիգորին զանգեց և ասաց. «Նաիրա Լորիկովնա, նախերգանքը պատրաստ է»։ Ես պապանձվեցի։ Եվ լսելով այդ նախերգանքը՝ չնայած մի քանի դիտարկումների, հասկացա, որ Գրիգորիին մեծ ապագա է սպասվում։ Քիչ ժամանակ անց 40 րոպեանոց մոդեռն բալետի պրեմիերան հանձնվեց հանդիսատեսի դատին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։ Այս մոդեռն բալետը մեկնարկ տվեց կոմպոզիցիայի ավելի խորը ուսումնասիրմանը՝ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։

-Դուք կրթել եք երաժիշտների շատ սերունդներ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր Գրիգորին տարբերվում իր հասակակիցներից մանկության տարիներին։ Կա՞ր արդյոք որևէ յուրահատուկ բան նրա երաժշտական ընկալման մեջ։ 

-Միայն այն փաստը, որ վաղ հասակից նա արդեն իր գլխում լսում եր նվագախմբի բոլոր էլեմենտները, առանց որևէ երաժշտական կրթության, արդեն արտասովոր երևույթ էր։ Իր յուրահատկությունը, բացի իր երաժշտական տաղանդից, նաև այն է, որ նա նույնիսկ հիմա ավելի հասուն տարիքում չի կորցրել իր հոգու մանչուկին։ Այդ իսկ պատճառով իր արվեստի աշխատանքներն «ազնիվ» են և յուրահատուկ։ Գրիգորին բալետ է գրել 14-15 տարեկանում, և այն կատարվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից: 

-Որքանո՞վ են նման դեպքերը հազվադեպ ձեր պրակտիկայում: Ի՞նչ անձնական հատկանիշներ են նրան թույլ տվել նման մակարդակի հասնել այդքան երիտասարդ տարիքում:

-Հայաստանում նման դեպք դեռ չի եղել։ Իրականում բավականին հետաքրիր պատմություն է, թե ինչպես է Գրիգորին 14 տարեկանում ստացել բալետ գրելու առաջարկ Հայաստանի Հանրապետության այդ ժամանակվա առաջին տիկին Նունե Սարգսյանից։ Դասից տուն վերադառնալու ճանապարհին, նկատել է այդ ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանին փողոցում զբոսնելիս։ Երեխայի մանկամտությամբ մոտեցել է նախագահին և ներկայացել որպես պատանի կոմպոզիտոր, որից հետո իր մանկական անկեղծությամբ խնդրել, որ սպասեն մի քանի րոպե մինչև նա վազի տուն և իջեցնի իր ձայնասկավառակը։ Երբ Գրիգորին ինձ զանգեց և պատմեց, ես ցնցված էի ու խոսքեր չէի գտնում, սակայն ասացի՝ «իհարկե, դա անսովոր երևույթ է, բայց եթե քեզ մոտ ստացվեց ու դու հասար քո նպատակին, ուրեմն դու ամեն ինչ ճիշտ արեցիր»։ Եվ այդպես էլ եղավ։ Մի քանի շաբաթ անց Գրիգորին ստացավ հրավեր ՀՀ առաջին տիկին Նունե Սարգսյանից, ով մանկական գրքերի հեղինակ է, և առաջարկեց նրան իր գրքերից մեկի հիման վրա գրել բալետ։ Եվ այո՛, բալետը ձայնագրվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Ամբողջ հայ ազգը պետք է հպարտ լինի, որ մենք ունենք նման տաղանդավոր հայ։ Ներկա գտնվելով բալետի պրեմիերաին՝ ես շատ հպարտ էի և ինձ պարզ դարձավ, որ Գրիգորին դասական երաժշտության ապագա Արամ Խաչատրյանն է։ 

-Իսկ որքանո՞վ եք տեղյակ Գրիգորիի ներկայի գործունեությունից և հաջողություններից։

-Մեր ընկերությունը երբեք չի ընդհատվել և Գրիգորին կիսվում է ինձ հետ բոլոր նորություններով։ Ես՝ որպես իր առաջին ուսուցիչ, այնքան հպարտ եմ, որ Գրիգորին վերջերս ավարտեց աշխարհի լավագույն երաժշտական համալսարաններից մեկը՝ Բերքլիի Բոստոնի Կոնսերվատորիան, և շատ կարևոր է նշել, որ նա իր ակադեմիկ առաջընթացի շնորհիվ ավարտեց ժամկետից մեկ տարի շուտ և շարունակելու է իր ուսումը։ Կոնսերվատորիայի նախագահական խորհուրդը նույնիսկ Գրիգորիին ընտրեց որպես 2025թ. ավարտական միջոցառման խոսնակ, որը մեծ պատիվ է և ավանդույթ՝ սկսված համալսարանի հիմադրման տարիներից։ Այս վերջին տարիներին նա, իրոք, աննկարագրելի հաջողությունների է հասել, օրինակ՝ աշխարհահռչակ Քարնեգի Հոլլ համերգասրահում իր մենահամերգը, Բոստոնի Կոնսերվատորիայում կայացած իր օպերայի պրեմիերան, որը, ի դեպ, Կոնսերվատորիայի պատմության մեջ 1867թ.-ից ի վեր երկրորդ ուսանողական օպերան է։ Եվ ինչը ամենակարևորն է՝ նա չի կորցրել կապն իր հայկական արմատների հետ։ Իր բոլոր ստեղծագործություններում դուք անպայման կլսեք հայկական ելևէջները, ինչը դրանք դարձնում են ավելի յուրահատուկ և անկրկնելի։ Իր օպերան՝ «Լուռ արցունքներ»-ը, պատմում է հայաթափված Արցախից մի 13 տարեկան աղջկա մասին, ում Գրիգորին հանդիպել է պատերազմի ժամանակ: Աղջիկն իր ծնողներին կորցրել էր 44-օրյա պատերազմի ժամանակ։

Շատ կցանկանայի, որ Հայաստնի կառավարությունն ընդուներ և աջակցեր իրենց երկրի տաղանդներին, ոչ թե այն ժամանակ երբ նրանք արդեն կայացած են, այլ այն ժամանակ երբ նրանք այդ աջակցության կարիքն ունեն։

Աննա Բարսեղյան


 

Երիտասարդ կոմպոզիտոր Գրիգորի Բալասանյանը դասական երաժշտության աշխարհի ապագա Արամ Խաչատրյանն է. Նաիրա Գյուրջինյան