Նորագույն պատմություն՝ առանց վավերագրության. պանելային քննարկում՝ Գրքի երևանյանի միջազգային փառատոնին (լուսանկարներ)

16:03 • 07.09.25

Հայաստանի նորագույն պատմության փաստագրումը շարունակում է մնալ մի ոլորտ, որտեղ ակնհայտ է գրական և վավերագրական նյութերի պակասը։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի «Նորագույն պատմություն՝ առանց վավերագրության» պանելային քննակման ընթացքում այս թեմայի վերաբերյալ խոսեցին «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանը, գրող և հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը և «CivilNet»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը։

Քննարկման շրջանակում ներկայացվեց նաև «Մեդիամաքս»-ի նոր հրատարակության՝ «Դավիթ Տոնոյան. բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գիրքը: Արա Թադևոսյանը նշեց, որ այն կազմված է իր՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ ունեցած հինգ մեծ զրույցների հիման վրա: 

«Այս գրքի նպատակը որևէ մեկին սրբացնելը կամ սևացնելը չէ: Ես կարծում եմ, որ շատ հարցերի պատասխաններ գտնելու համար այս գրքի առկայությունն ավելի նպաստավոր է, քան, որ այն չլիներ: Մարդիկ, որոնք կընթերցեն, կարող են իրենց կարծիքը կազմել»,-ասաց Թադևոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է որոշել գիրք գրել Պաշտպանության նախկին նախարարի հետ զրույցների հիման վրա:

Քննարկման ընթացքում բարձրացվեց նաև հանրության՝ քաղաքական կողմնորոշման ազդեցության հարցը նման նախագծերի հետ կապված։ Կարեն Հարությունյանի դիտարկմամբ, շատերը նախընտրում են տեսնել և լսել միայն այն, ինչը հաստատում է իրենց կարծիքը, և այս առումով նման գրքերի հեղինակներին մեծ համարձակություն է պետք:

«Երբեմն նույնիսկ, երբ ինչ-որ աշխատանք կատարվում է, շատերը սկսում են քարկոծել այն, ոչ թե որ կարդացել են, այլ՝ պարզապես, որովհետև դա իրենց քաղաքական կողմնորոշումն է»,–նշեց նա։


Տիգրան Պասկևիչյանն էլ հավելեց, որ, չնայած ամենին, ներկա ժամանակաշրջանում միայն անհատները կարող են իրականացնել անաչառ ու անկողմնակալ պատմագիտական ուսումնասիրություններ: