Հայաստանի առաջ կանգնած է կարևոր մարտահրավեր․ գիտական ֆինանսավորումը երկար տարիներ մնում է ՀՆԱ-ի շուրջ 0,2 տոկոսի մակարդակում
Հատկապես վերջին տարիներին նշանակալի դերակատարում են ստանում հետազոտական և նորարարական կարողություններին ամրապնդմանն ուղղված մասնավոր կորպորացիաների նախաձեռնությունները։ Տնտեսական լրագրողների ակումբի ՎԱԿ վերլուծական ակնարկի տվյալներով՝ Հայաստանի ՏՏ ոլորտում այդպիսի նախաձեռնություններն իրականացվում են մի քանի առանցքային ուղիներով` ուղղակի ներդրումներ գիտահետազոտական աշխատանքներում, տեխնոլոգիաների փոխանցում, կառավարման բաց մոդելների ներդրում, հակադարձ կապի մշակույթ, արժեքի ստեղծման գլոբալ շղթաներում ինտեգրում։ Նմանօրինակ ներդրումները նպաստում են ընդունող երկրների, տվյալ դեպքում՝ Հայաստանի գիտական ներուժի զարգացմանը, կադրային ռեսուրսների ամրապնդմանն ու նորարարությունների ներդրման գործընթացների արագացմանը։ Հենց դրանց ներգործության շնորհիվ երկրում հաջողվել է հասնել ՏՏ ոլորտի աճի բարձր տեմպերի և գլոբալ ինտեգրացիայի։
Համաձայն վերլուծական ակնարկի, միջազգային խոշոր կորպորացիաները Հայաստանում ոչ միայն բացում են ներկայացուցչություններ և արտադրական ստորաբաժանումներ, այլև հիմնում են գիտահետազոտական կենտրոններ։ Այս կենտրոնները կամուրջ են գիտության, տեխնոլոգիաների և գործնական արդյունաբերության միջև, իսկ դրանց դերը երկրի տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման գործում գնալով աճում է։
Հայաստանի ՏՏ էկոհամակարգի համար առանձնահատուկ դեր ունի Synopsys Armenia-ն, որը 2004-ից հետո դարձավ Հայաստանի առաջին խոշոր տեխնոլոգիական ներդրողներից։ Synopsys-ը Հայաստանում ունի ավելի քան 1000 աշխատակից և զբաղվում է էլեկտրոնային դիզայնի ավտոմատացման ծրագրերի մշակմամբ և կիսահաղորդչային IP միջուկների ստեղծմամբ։ Վերլուծական ակնարկների համաձայն, ընկերությունն ակտիվ համագործակցում է բուհերի հետ՝ նպաստելով նոր սերնդի միկրոէլեկտրոնիկների կրթությանը։
2018 թ․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը հիմնեց PMI Science R&D կենտրոնը Հայաստանում։ Արդյունաբերական գիտահետազոտական այս կառույցը միավորում է տեղական գիտական, ինժեներական և ՏՏ համայնքները՝ ուղղված լինելով նորարարական լուծումների, մաթեմատիկական մոդելների, արհեստական բանականության և տվյալագիտության զարգացմանը։ Վերլուծական ակնարկի տվյալներով, կենտրոնը ներկայումս ընդլայնվում է Երևանի Ինժեներական քաղաքում՝ համալրվելով նոր սերնդի սարքավորումներով, ինչը զգալիորեն կբարձրացնի փորձարարական և արտադրական ներուժը, նոր լաբորատորիաներ ու կրթական հարթակներ կստեղծի։
Վերջին տարիներին NVIDIA-ն ևս հայտնվեց Հայաստանի գիտատեխնոլոգիական քարտեզի վրա՝ Երևանում հիմնելով հետազոտական կենտրոն, որը կենտրոնացած է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման լուծումների վրա։ 2025-ին NVIDIA-ն հայտարարեց «AI ֆաբրիկա» ստեղծելու մասին, որն ապահովելու է ավելի քան 100 մեգավատ հզորությամբ տվյալների կենտրոն և հազարից ավելի նոր սերնդի GPU-ներ։ Համաձայն վերլուծական ակնարկի, սա ոչ միայն մեծ ներդրում է տեխնոլոգիական ենթակառուցվածքում, այլև հնարավորություն է կրթական և գիտական համայնքի համար։
Հայաստանում գիտահետազոտական լուրջ ներկայություն ունի VMware-ը, որը 2010-ին ձեռք բերեց հայկական Integrien ընկերությունը և հիմնել R&D կենտրոն։ Այն մասնագիտացած է ամպային ենթակառուցվածքների և վիրտուալացման ոլորտում և հաջորդ տարիներին նախատեսում է 100 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ինժեներական թիմերը ընդլայնելու նպատակով։
Չինական Huawei-ն նույնպես զարգացնում է իր ներկայությունը Հայաստանում։ Ընկերությունը մի կողմից իրականացնում է ուսանողական ծրագրեր և կրթական նախաձեռնություններ, մյուս կողմից՝ քննարկում է R&D ենթակառուցվածքների և լաբորատորիաների ստեղծման հնարավորություններ՝ նպաստելով տեխնոլոգիական կրթության զարգացմանը։
Վերլուծական ակնարկների համաձայն, այս բոլոր նախաձեռնությունները կուտակային ազդեցություն են ունենում Հայաստանի ՏՏ էկոհամակարգի վրա։ Նախ, դրանք ապահովում են ուղղակի ներդրումներ հետազոտությունների և մշակումների մեջ, ստեղծում են բարձր վարձատրվող աշխատատեղեր, ներմուծում են նորագույն տեխնոլոգիաներ և գլոբալ ստանդարտներ։ Երկրորդ, դրանք փոխում են կադրային շուկան՝ բարձրացնելով աշխատավարձերի և որակավորման չափանիշները, խթանելով «փափուկ» հմտությունների զարգացումը, Agile և DevOps մշակույթների կիրառումը։
Սակայն Հայաստանի առաջ կանգնած է կարևոր մարտահրավեր․ վերլուծական ակնարկի տվյալներով, գիտահետազոտական ուղղության ֆինանսավորումը երկար տարիներ մնում է ՀՆԱ-ի շուրջ 0,2 տոկոսի մակարդակում, ինչը 5 անգամ ցածր է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի միջինից և 10 անգամ՝ ԵՄ ցուցանիշից։ Հետևաբար, մասնավոր կորպորացիաների նախաձեռնությունները դառնում են առանցքային՝ լրացնելու պետական ներդրումների պակասը և ստեղծելու կայուն ազգային նորարարական էկոհամակարգ։
Կորպորատիվ գիտահետազոտական կենտրոնների զարգացումը ոչ միայն նպաստում է տեղական մասնագետների որակավորմանը, այլև ինտեգրում է Հայաստանը գլոբալ արժեքային շղթաներում՝ հնարավորություն տալով դառնալ միջազգային բարձր տեխնոլոգիական լուծումների արտադրող և արտահանող երկիր։ Վերլուծական ակնարկի համաձայն, սա ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի ապագա մրցունակության և տնտեսական աճի համար։










