Սխալ է եղել իմ կողմից անձնական նամակով վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը. Ավետ Բաբայանը՝ Հակոբ Կարապետյանի հայտարարության մասին
Վերջին օրերին Հակոբ Կարապետյանը սոցիալական ցանցերում իմ հասցեին տարածում է իրականությանը չհամապատասխանող պնդումներ, այդ թվում՝ թե իբր իր հետ տեղի ունեցած ծեծկռտուքին ես առնչություն ունեմ։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը՝ արձագանքելով լրագրող Հակոբ Կարապետյանի հայտարարությանը։
«Կրկին հայտարարում եմ, որ որևէ կապ չունեմ միջադեպի հետ և վստահ եմ, որ իրավապահ մարմինները կպարզեն դեպքի իրական հանգամանքները։
Ընդունում եմ, որ սխալ է եղել իմ կողմից անձնական նամակով վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը, սակայն անթույլատրելի եմ համարում մամուլի ակումբի փորձագետի կողմից հայհոյանքների օգտագործումը։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատի տալ իմ մասին սուտ և զրպարտություն տարածող անձանց ու լրատվամիջոցներին»– գրել է նա։










