Բաց դաս Սամվել Սողոմոնյանից՝ բժշկական ոլորտի իրավական պաշտպանության վերաբերյալ. 10 պատճառ, թե ինչու կարող եք տուգանվել (տեսանյութ)
Բաց դաս Սամվել Սողոմոնյանից՝ բժշկական ոլորտի իրավական պաշտպանության վերաբերյալ. 10 պատճառ, թե ինչու կարող եք տուգանվել:
MedMeet 2025 միջոցառման ընթացքում, առողջապահության և նորարարության կողքին այցելուների հետաքրքրության շրջանակում էին նաև բժշկական ոլորտում իրավական պատասխանատվության և տուգանքների աճող դեպքերը։ «Բժիշկներին և բուժհիմնարկները տուգանելու 10 պատճառ» թեմայով բաց դասի ընթացքում առողջապահական իրավունքի փորձագետ Սամվել Սողոմոնյանը ներկայացրեց ոլորտում վերջին միտումները և շեշտեց, որ իրավական իրազեկվածության պակասը շարունակում է մնալ ոլորտի հիմնական խնդիրներից մեկը։
«Մեր կազմակերպությունը, ի թիվս այլ գործառույթների, նաև իրականացնում է բժիշկների, բուժհիմնակների շահերի և իրավունքների պաշտպանություն, այդ թվում նաև երբ իրենց տուգանում են: Ցավով պետք է նշեմ, որ վերջին ժամանակներում տուգանքների չափերը և ծավալները շատացել են, ուստի որոշեցի անդրադառնալ այս թեմային»,-ասում է Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար Սամվել Սողոմոնյանը:
Բժիշկների նկատմամբ կիրառվող վարչական տուգանքները հաճախ պայմանավորված են ոչ թե դիտավորությամբ, այլ համակարգի բարդ կանոնակարգերին ոչ լիարժեք տիրապետմամբ։ Դասի մասնակիցները ծանոթացան այն տարածված իրավիճակներին, երբ բացթողումները կարող են հանգեցնել խոշոր ֆինանսական հետևանքների։
Սողոմոնյանն առանձնացրեց ռիսկերը, որոնք ծագում են նման պարագայում՝ համապատասխան իրավական կարգավորումներն անտեսելու հետևանքով։
Քննարկվեց այն իրավիճակը, երբ կիրառվող տուգանքները կարող են լինել անհիմն: Այսպիսի դեպքերում, մասնագետի խոսքով, հարկավոր է ձեռնարկել պաշտպանական քայլեր։
«Կան անհիմն կիրառվող տուգանքներ, որոնց դեպքում, եթե հաճախորդը ցանկություն է հայտնում, մեր կազմակերպությունը միջամտում և պաշտպանում է նրանց շահերը։ Պետք է նշեմ, որ մեծամասամբ, այդ իրավախախտումները, վարչական խախտումները պարզապես օրենքի չիմացության հետևանք է»,-արձանագրում է Սողոմոնյանը:
Դասընթացը ևս մեկ անգամ ապացուցում է՝ իրազեկ լինելը ոչ թե առավելություն, այլ պաշտպանություն է։ Արագ փոփոխվող ժամանակներում բժշկի համար կարևոր է ունենալ որակյալ իրավական խորհրդատվություն, որը կօգնի ժամանակին նկատել ռիսկերը և խուսափել հնարավոր տուգանքներից:










