Աշխատանք՝ իրական պրոդուկտների հետ. ապագա մարքեթոլոգները կիրառում են իրենց հմտությունները (տեսանյութ, լուսանկարներ)
Կարևորելով պրակտիկ հմտությունների ձևավորումը՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանն իր ուսանողների համար ստեղծում է ուսանող-բիզնես շփում և մասնագիտական քննարկման հնարավորություն: Համալսարանը խրախուսում է տեսականի ու պրակտիկի ճիշտ համադրությունը, իսկ դասերի մեծ մասը հիմնված են իրական քեյսերի լուծումների վրա:

«Այսօր շատ արագ է պետք ադապտացվել ներկա շուկայական պայմաններին և այն, ինչ երեկ էր ակտուալ և արդիական, այսօր կարող է ընդհանրապես արդիական չլինել: Այդ իսկ պատճառով նման ընկերությունները, ինչպիսին Դիննոն է, շատ արժեքավոր ներդրում ունեն ուսումնական գործընթացում»,-ասում է Ֆրանսիական համալսարանի Մարքեթինգի ֆակուլտետի դեկան Նաիրա Հայրապետյանը:
Մասնագետների խոսքով, հատկապես մարքեթինգի ոլորտում, ակադեմիական կրթությունը բավարար չէ բիզնես դաշտում մրցունակ լինելու համար։

«Մենք ուզում ենք ցույց տալ ուսանողներին, որ մարքեթինգը կարող է լինել մաքսիմալ պրակտիկ, որ Հայաստանում կա նման ընկերությունն, որտեղ կարելի է իրական փորձարկումներ անել, այսինքն՝ լսարանից դեպի արդեն իրական փորձարկում»,-ընդգծում է Դիոննո ընկերության տնօրեն Արտյոմ Շամցյանը:
Դիննոն Ամերիաբանկի դուստր ընկերությունն է, հիմնադրվել է 2023 թվականին: Ընկերության գործունեության հիմքում է տեխնոլոգիական նորարարությունը, որի նպատակն է թվայնացնել և հեշտացնել առօրյա կյանքի տարբեր գործընթացները:

«Մենք ձևավորում ենք թվային պրոդուկտներ ոչ բանկային հատվածում: Այս պահին երեք հիմնական հատվածներ ունենք: Մեկը MyTour-ն է, որտեղ թվայնացնում ենք տուրիստական առաջարկները և հեշտացնում ենք ձեռքբերման պրոցեսը, մյուսը՝ Eventhub պլատֆորմն է, որը տոմսերի առուծախի պլատֆորմ է, և հեշտացնում է ինչպես գնորդի կյանքը, այնպես էլ միջոցառումների կազմակերպիչների կյանքը: Եվ երրորդը PayLink-ն է, որը հեշտացնում է փոքր բիզնեսների համար վճարումների հավաքագրումը»,-ներկայացնում է Դիննո ընկերության պրոդուկտների ղեկավար Հայկ Մինասյանը:

Ուսանողների համար այս համագործակցությունը եզակի հնարավորություն է ոչ միայն պրակտիկ փորձ ձեռք բերելու և զարգացնելու իրենց հմտություններ, այլև՝ ապագայում ակտիվորեն ներգրավվելու աշխատանքի մեջ։ Դիննոն, որպես նորարարական տեխնոլոգիական ընկերություն, խթանում է ձեռնարկատիրական մտածողությունը և աջակցում երիտասարդ մասնագետների զարգացմանը՝ լինելով նրանց վստահելի գործընկերը կրթական և մասնագիտական ճանապարհին։











