«ArtLife Kempinski Residences»-ում ներքին հարդարման աշխատանքներ են ընթանում (տեսանյութ)
«ArtLife Kempinski Residences»-ում արդեն իրականացվում են բացմանն ընդառաջ աշխատանքները: Շինարարության կառավարման բաժնի ղեկավարը` Տիգրան Կարապետյանը, պատմում է բնակարանների ներքին հարդարումից, ասում, որ որոշ բնակարաններ արդեն իսկ ամբողջությամբ վերանորոգված են՝ համապատասխան ինժեներական ամենաբարձր պահանջներին: Հայաստանում սա նոր որակական նշաձող է սահմանում:
«Շենքի վերանորոգման վերջին փուլում ներգրավված է ավելի քան 600 մարդ։ Որոշ բնակարաններ արդեն պատրաստ են, իսկ շատերը մոտենում են վերջնական հարդարման ավարտին»,- նշում է նա։
Եզակի բարդ ինժեներական հագեցվածությամբ բնակարաններում ակտիվ տեմպով ընթանում են ներքին հարդարման աշխատանքները: Պատասխանատուները վստահեցնում են՝ տարվում են այնպիսի ինժեներական աշխատանքներ, որոնք առաջին անգամ են Հայաստանում և, թերևս այդ հաճելի փաստն է պրոցեսն ավելի երկար դարձնում:
Տիգրան Կարապետյանն ընդգծում է, որ շենքի բոլոր բնակարաններում ավարտվել է կոմունալ համակարգերի տեղադրումը: Ներքին հարդարման համար էլ օգտագործվել են բացառիկ նյութեր և սարքավորումներ. իսպանական «Porcelanosa» ընկերության ճենապակյա սալիկները՝ 1.20 մ x 2.7 մ չափսերով, արդեն տեղադրված են լոգարաններում: Լոգարանի սանտեխնիկական սարքավորումները ձեռք են բերվել «Villeroy & Boch» ընկերությունից, իսկ դռները՝ իտալական «Barhaus» ընկերության «Latte Crema White» մոդելից։
«Մեր ուշադրությունը կենտրոնացած է մանրուքների վրա։ Յուրաքանչյուր բնակարան ունի իր գունային սխեման, որն ընտրվել է հաճախորդի՝ սեփականատիրոջ կողմից»,-ընդգծում է Տիգրան Կարապետյանը։
Նա մատնանշում է մի բնակարանի օրինակ, որտեղ մանրահատակն ամերիկյան ընկույզի փայտից է, դռները՝ «Barhaus»-ից, ապա անցնում մյուս բնակարան, որտեղ մանրահատակը ֆրանսիական ձկնկուլի նախշով է և հաճախորդը նախապես պլանավորել է խոհանոցային գույքի տեսքը:
Տիգրան Կարապետյանը վստահեցնում է, որ շուտով բոլոր բնակարանները պատրաստ կլինեն բնակեցման, կստեղծեն բարձրորակ, նրբաոճ և ժամանակակից կենցաղային պայմաններ՝ նոր սեփականատերերի համար:










