Սպանդարյան բնակավայրում «КАМАЗ»-ը կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում

23:33 • 26.12.25

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Երևան–Երասխ–Մեղրի Մ2 ավտոճանապարհի Սպանդարյան բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում «КАМАЗ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, հայտնում է Shamshyan.com-ը

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Կողաշրջման հետևանքով ավտոմեքենան հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի պատճառով երթևեկությունը միակողմանի է դարձել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։