«Բուժում է Վարդանանցը». լույս տեսավ 371 կլինիկական գործելակարգերի եռահատոր ժողովածուն (լուսանկարներ)
371 կլինիկական գործելակարգ՝ 25 բժշկական մասնագիտացումներով. լույս տեսավ «Բուժում է Վարդանանցը» կլինիկական գործելակարգերի եռահատոր ժողովածուն, որի գործելակարգերը մշակված են միջազգային առաջատար ուղեցույցների հիման վրա՝ բարձր ապացուցողականությամբ և կիրառելիությամբ, հարմարեցված Հայաստանի առողջապահական համակարգին։
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահում։ «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը, անդրադառնալով գրքի կարևորությանը, գիտությունը համեմատեց արվեստի հետ։

«Ինչպես փորձառու երաժշտասերը լսում է սիմֆոնիան՝ պարտիտուրան ձեռքին, այնպես էլ բուժառուներից շատերն այսօր գալիս են բժշկի մոտ՝ արհեստական բանականություն հետ խորհրդակցած։ Այս պայմաններում հատկապես կարևոր է, որ բժիշկը տիրապետի այն գիտելիքներին, որոնք բուժառուն կարող է ստանալ համացանցից։ Դա բժշկի հանդեպ վստահության գրավականն է։ Կարծում եմ՝ այս ժողովածուն կարևոր է և՛ բժիշկների, և՛ բուժառուների համար»։

Ժողովածուն մշակված է գիտական հիմնավորումների և կլինիկական փորձի համադրմամբ և նախատեսված է պրակտիկ բժիշկների, առողջապահության կազմակերպիչների, կլինիկական օրդինատորների, ինչպես նաև ոլորտի հետազոտողների համար: Նյութերի մշակումը, թարգմանությունն ու արդիականացումն իրականացվել է «Վարդանանց» ՆԲԿ-ի Մասնագիտական գերազանցության կենտրոնի կողմից։ Խմբագրական խորհուրդը գլխավորել է Գերազանցության կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանը, ով այսպես պարզաբանեց գրքի անվանումը:
««Բուժում է Վարդանանցը». այստեղ երևում է «Վարդանանց» ՆԲԿ-ի ձեռագիրը, դա շատ կարևոր է: Երբ վերցնում ես գիտահետազոտական տեքստ կամ բուժական ինչ-որ տեղեկություն և փորձում ես թարգմանել, վերծանել, ադապտացնել, դա արդեն քոնն է դառնում, բնօրինակը չէ: Անվանման երկու բառի մեջ մենք ցանկացել ենք ցույց տալ այդ ձեռագիրը: Առաջինը, որ այո՛, բուժում ենք, և երկրորդն՝ այո՛, սա մեր ձեռագիրն է, և մենք ուրախ ենք, որ կարող ենք կիսվել այդ ձեռագրով»:

Ժողովածուի առաջին հրատարակությունը լույս է տեսել 2022 թվականին և ներառում է 137 բուժման գործելակարգ՝ անդրադառնալով ամբուլատոր պրակտիկայում առավել հաճախ հանդիպող կլինիկական իրավիճակներին: Երկրորդ հրատարակությունն էականորեն ընդլայնված և ամբողջությամբ թարմացված է:
ՀՀ ԱՆ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը, ծանոթանալով ժողովածուի առաջին հատորին, ողջունում է նաև երկրորդ մասի ներկայացումը, խորհուրդ տալիս ունենալ, որպես բժշկի սեղանի գիրք:
«Ցավոք, բացակայում էր նման միասնական ձեռնարկ, բայց «Վարդանանց» ՆԲԿ-ն նման լավ նախաձեռնությամբ փորձել է լրացնել այդ բացը: Երբ առաջին հատորը ձեռք բերեցինք, տեսանք՝ շատ օգտակար է, որպես ընտանեկան բժիշկի գործելակարգ, այսինքն՝ ընտանեկան բժիշկը երբ կարող է բուժել, երբ ուղղորդել նեղ մասնագետի մոտ, ինչ բուժումներ նշանակել և այս ամենը հիմված ապացուցողական բժշկության տվյալների վրա»,-մանրամասնում է Սամվել Հայրումյանը:

Ժողովածուն իր կիրառությամբ առանցքային նշանակություն ունի նաև ապահովագրական կազմակերպությունների համար: ԷՖԵՍ ապահովագրական ընկերության Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Լիլիթ Շմավոնյանը նշում է՝ «Վարդանանց» ՆԲԿ-ն վաղուց է ձեռք բերել հաճախորդների վստահությունը, բայց այս նախաձեռնությունը՝ ոլորտում մեկ քայլ առաջ լինելու ապացույցն է:
«Դուք ոչ միայն բարձրացրել եք բուժման արդյունավետությունն ու ավելի մեծ վստահություն ձեռք բերել, այլև մեզ համար, որպես ֆինանսական կառույցի, որի համար կարևոր է առողջության ապահովագրության գնագոյացման հիմքում դրված մոտեցումների թափանցիկությունը, պարզությունը, հստակությունը՝ ապահովել եք դրանք»,- նշեց Լիլիթ Շմավոնյանը։

Ժողովածուն, մինչև հրատարակումը, նախապես ներկայացվել է քննարկման և մասնագիտական գնահատման ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի Գիտական խորհրդին, որի անդամների առաջարկներն ու դիտարկումները ներառվել են վերջնական խմբագրության մեջ։
«Վարդանանց» ՆԲԿ-ի թերապևտիկ ծառայության գծով փոխտնօրեն Անահիտ Գևորգյանն ասում է՝ բժշկության մեջ շատ են սառած գործելակարգերը, հոդվածները, որոնք ոչ միայն չեն օգնում բժշկին, այլև երբեմն կաղապարների մեջ են դնում, իսկ ներկայացված ժողովածուն դինամիկ է, շարունակական թարմացվող և ուղղված բժշկի՝ առավել լայն մտածողության ձևավորմանը։
«Ինչպես Բախը կամ Շուբերտը չէին կարող նման հանճարեղ ստեղծագործություններ արարել առանց հարմոնիաների, գամմաների և սոլֆեջոյի իմացության, քանի որ դա է երաժշտության հիմքը, այնպես էլ հանճարեղ չի կարող լինել այն բժիշկը, ով հմուտ չի տիրապետում գործելակարգերին և չի կիրառում կատարյալ, ուստի անվանի բժիշկ դառնալու այս բարդ և խոչընդոտներով լի երկար ճանապարհին «Բուժում է Վարդանանցը» հաջողելու կայուն և ամուր հենասյուն կդառնա»,- վստահեցնում է Անահիտ Գևորգյանը:

Եռահատոր գրքի գործելակարգերը թվայնացված են և ինտեգրված կլինիկական տեղեկատվական համակարգերին։ Մեկնարկել է նաև դրանց վերափոխումը Moodle թվային ուսուցման հարթակի համար։ 2027 թվականին «Վարդանանց»-ի Մասնագիտական գերազանցության կենտրոնը նախատեսում է իր կրթական ծրագրերն առաջարկել Հայաստանի և արտերկրի մասնագիտական համայնքներին։

«Վարդանանց» ՆԲԿ-ի թիմը վստահեցնում է, որ այս աշխատանքը շարունակական է։

Նախատեսվում է թարմացնել և ընդլայնել գործելակարգերի թիվը՝ հասնելով շուրջ 700-ի, ինչը թույլ կտա ծածկել Հայաստանում արձանագրվող ախտորոշումների գրեթե 98%-ը։











