Օնլայն կրթությո՞ւն, թե դասական համալսարան․ ո՞րն է ավելի մրցունակ. փորձագետի գնահատականը
Կրթության աշխարհը արագ փոխվում է։ Եթե նախկինում բարձրագույն կրթությունը գրեթե անհնար էր պատկերացնել առանց համալսարան հաճախելու, ապա այսօր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ արագորեն տարածվում է օնլայն կրթությունը, հազարավոր մարդիկ կրթություն են ստանում հենց այդ ձևաչափով, շատերի համար այն դարձել է համալսարաններում սովորելու այլընտրանքային տարբերակ: Այնուամենայնիվ, այս փոփոխությունը նաև նոր հարցեր է առաջացնում, արդյոք օնլայն կրթությունը կարո՞ղ է մրցել համալսարանների հետ, և արդյոք այն տալիս է նույն որակի գիտելիք:
Այս հարցերի շուրջ Tert.am-ը խոսել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ՝ հասկանալու, թե ինչով են տարբերվում այս երկու կրթական ձևերը, և որն է այսօր ավելի արդյունավետ:
«Բարձրագույն կրթությունը ապահովում է համապատասխան կապեր, մարդկային կապիտալի կուտակում ու զարգացում, որը տեղի է ունենում մարդկանց միջև հարաբերությունների զարգացմամբ: Վերջին շրջանի հետազոտությունները ցույց են տալիս, որ համալսարանական կրթությունը շատ ավելի օգտակար է անձնական, սոցիալական կապերի զարգացման առումով, քան գիտելիքների ձեռբերման: Օնլայն կրթությունը այդ շատ մեծ բացը ունի, երբ դու որևէ մարդու չես հանդիպում, քո հասակակիցների հետ չես շփվում ու հանդիպում, հետ ես մնում:
Հիմա շատ համալսարաններ անցնում են հենց հիբրիդային կրթության, որը ենթադրում է համադրումը այդ ուսուցման ձևերի: Յուրաքանչյուր ուսանողի համար առաջատար համալսարանները գծում են առանձին հետագիծ, որտեղ ուսանողը ինքը կարողանում է իր ժամանակը հարմարեցնել, ու այն առարկաները, որոնք կարող է օնլայն վերցնել՝ վերցնում է, մյուս գործնական պարապմունքներին էլ անպայման մասնակցում է, սա ցույց է տալիս իր արդյունավետությունը»,- նշում է նա:
Հարցին, թե ինչով են խանգարում ու ինչով օգնում իրար այս կրթության ձևերը, Ատոմ Մխիթարյանը շեշտում է՝ երկուսն էլ ունեն և դրական, և բացասական կողմեր:
«Մարդիկ մտածում են, որ կարելի է տանը նստած՝ միայն օնլայն դասերով, ստանալ բարձրագույն կրթություն, դիպլոմ ու անցնել աշխատանքի: Իհարկե, դու էլի կարողանում ես գիտելիքներ ստանալ, թեստավորվել, դասախոսի հետ հանդիպել ու զրուցել, բայց այստեղ բաց է մնում ուսանողի սոցիալիզացիայի հարցը: Առկա կրթության բացը ժամանակի կառավարումն է, շատ ուսանողներ համատեղում են կրթությունն ու աշխատանքը, այդ ժամանակ կամ մեկը պետք է ընտրեն, կամ մյուսը»:
Անդրադառնալով հարցին, թե որ կրթության ձևն է ավելի մրցունակ մասնագետներ պատրաստում, փորձագետը նշում է՝ հիմա հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենամրցունակը «անելով սովորելն է», այն չի ենթադրում ոչ օնլայն դասեր վերցնել, ոչ էլ գնալ դասերի, այն նշանակում է սովորել՝ կոնկրետ ինչ-որ բան անելով:
«Հայաստանում դա շատ տարածված չէ, բայց արտասահմանյան՝ հատկապես արևմտյան երկրներում տարածված է, երբ մարդը ընդունվում է այնպիսի համալսարան, որտեղ արտադրությունից կտրված չէ, օրինակ՝ իր գիտական ղեկավարից սովորելով: Կրթությունը միայն գիտելիքը չէ, դրան պետք է գումարես հմտություններ և կարողություններ, իսկ դա չես կարող ձեռք բերել ոչ օնլայն, ոչ էլ առկա դասընթացներին ուղղակի մասնակցելով: Դա կարող ես ձեռք բերել միայն այն ժամանակ, երբ միաժամանակ աշխատում ես այդ ոլորտում»:
Հարցրեցինք նաև, արդյո՞ք համալսարանական կրթությունը բավարար է աշխատանքի անցնելու համար, թե պետք է պրակտիկա ունենալ, որին ի պատասխան փորձագետը նշում է՝ Հայաստանի դեպքում դա շատ ակնհայտ է։
«Շատ ուսանողներ ավարտում են Հայաստանի լավագույն համալսարանները, ապա իրենց մասնագիտությամբ անցնում են աշխատանքի, և գործատուները ասում են, որ ինքը 4-6 տարի սովորել է իր մասնագիտությունը, ընդունել ենք աշխատանքի, բայց նրան 0-ից սովորեցնում ենք մասնագիտության այբուբենը: Ու շատերը մտածում են՝ ինչու գնամ համալսարանում 4 կամ 6 տարի կորցնեմ, միանգամից կգնամ գործատուի մոտ՝ կընդունվեմ աշխատանքի ու կսովորեմ այն, ինչ ինձ պետք է: Երկուսն էլ իհարկե սխալ է, մեզ մոտ համալսարանները չեն տալիս պրակտիկ գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ»:
Անդրադարձանք նաև ուսանողների կողմից AI գործիքների կիրառմանը, հարցին՝ դա օգնություն է, թե՞ խնդիր կրթության համար, փորձագետը նշեց՝ օգնություն է, այն կրթության 4-րդ ձևաչափն է և դարձել է անբաժանելի մաս, ու այլևս չես կարող ասել լավ է, թե վատ, այն կա ու համադրվում է բոլոր կրթության ձևաչափերին:
«Հայաստանում թերությունն այն է, որ ոչ ուսանողները, ոչ էլ ցավոք սրտի դասախոսները դեռևս պատշաճ մակարդակում չեն տիրապետում այդ գործիքներին, որպեսզի կրթության մեջ կիրառեն, իսկ դա շատ արագ է զարգանում ու մենք հետ ենք ընկնում: Կրթության մեջ որակական թռիչք ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի ԱԲ-ն՝ օրենքի մակարդակում, ինտեգրվի կրթությանը, պետք է այդ ուղղությամբ քայլեր արվի, այն օգտակար է և ուսանողի համար, և դասախոսների»:
Հարցին, թե արդյոք խնդրահարույց չէ, որ դպրոցականներն ու ուսանողները առաջադրանքներն ամբողջապես վստահում են ԱԲ-ին, փորձագետը նշում է՝ եթե այդպես են անում, միանշանակ խնդիր առաջանում է, իրենք ապրում են դեգրադացիա:
«Իրենք ամբողջությամբ վստահում են ԱԲ-ին: Ինչ հարց տալիս ես ուսանողին, գնում հարցնում է ԱԲ-ին, պատասխանը վերցնում ու բերում է դասախոսին, սա դառնում է մեխանիկական պրոցես, որտեղ տուժում է և դասախոսը, և ուսանողը»:
Փորձագետը կարծում է՝ այդ մեխանիկական պրոցեսը բերելու է հետընթացի: Այնուամենայնիվ նշում է, կան այնպիսի ծրագրեր, որոնք ի հայտ են բերում ԱԲ-ի արածները, և միանգամից տեսնում ես՝ արդյոք ուսանողի աշխատանքն է, թե ոչ:
«Ուսանողը պետք է գիտակցի, որ դա իր համար է անում: Եթե գնա արդեն պրակտիկ աշխատելու, այլևս ԱԲ-ն իր փոխարեն չի աշխատի, պետք է սովորի, թե ինչպես օգտագործի գործիքները՝ աշխատանքը դյուրացնելու համար»:
Հարցին, թե արդյոք օնլայն կրթության տարածումը կարող է նվազեցնել համալսարանների դերը հասարակության մեջ, փորձագետը պատասխանեց, որ հիմա առաջադեմ աշխարհում առնվազն 5 մլն մարդ հենց հեռավար է ստանում իր կրթությունը, ու այդ թիվը գնալով մեծանում է: Հավելեց, դա ժամանակի հետ ավելի շատ կաճի, որովհետև մարդիկ ձգտում են ավելի կարճ ժամանակում ավելին անել՝ սովորել, աշխատել ու ընտանիք ունենալ:










