Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 25 տարեկան է. կայացավ հոբելյանական միջոցառումը (տեսանյութ)
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 25 տարեկան է: Կայացավ հոբելյանական միջոցառումը, որի պաշտոնական բացումն ազդարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ընդգծելով՝ հանձնաժողովն այսօր փորձում է վերաիմաստավորել իր գործունեությունը:
«25 տարին մենք եզրագիծ չենք համարում, մենք գտնում ենք, որ ճանապարհի կեսին ենք և բավականին մեծ ծավալի աշխատանք ունենք, քանզի չի կարող լինել հասարակության՝ մեդիայի վստահություն, եթե նրանք համոզված չլինեն քո որոշումների անաչառության և անկախության մեջ»,-ասաց նա։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ, նշվում է՝ այն անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը:
«Մենք կարողանում ենք ընդունել որոշումներ, որոնք գուցե այս կամ այն քաղաքական ուժին, իշխանություններին, անհատներին, հաճո չեն, բայց դրանք առաջինը ծառայում են հանրային շահին և օբյեկտիվ են, անկողմնակալ և առանց դրսի ճնշումների: Զերծ ենք դրսի ճնշումներից, սա ամենամեծ նվաճումն է»,-կարևորեց Տիգրան Հակոբյանը:
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանն (Հակոբ Մովսեսն) էլ նշեց՝ մեդիադաշտը տվյալ պետության աուրան է, պետության գլխի շուրջ նշմարվող լուսապսակը, թե դա ի՞նչ գույն ունի, հասարակության նորմատիվային խնդիրն է:
«Եթե փորձեմ բնութագրել մեր լրատվական մեդիադաշտը, ես երեք բան կասեմ: Այն ազատ է, երկրորդ՝ այն շատ հակասական է, ինչը նոր զարգացող մեր հասարակության համար բնական է և երրորդ, այն մեր հասարակության արտապատկերն է»,-ասաց նա:
Հոբելյանական օրվան ներկա ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը միջոցառմանը մտովի վերադարձավ 2001 թվական՝ վերհիշելով հասարակության և մեդիայի հարաբերություններն այդ օրերեին:
«2001 թվականին հայրիկս առաջին անգամ գնեց մեր տան առաջին գունավոր հեռուստացույցը և դա դեպի աշխարհ բացվող իմ միակ պատուհանն էր: Երբ հիմա նայում եմ իմ անցյալին, գիտեմ, թե որքան էական է եղել հեռուստատեսության ազդեցությունն իմ կյանքի, իմ ձևավորման, իմ աշխարհհայացքի վրա»,-նշեց ԱԺ ԳԿՄԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Անցած 25 տարիների ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարողացել է թվայնացման, տեսալսողական բովանդակության արագ տարածման պայմաններում նոր կարգավորման մեխանիզմներ մշակել, ձևավորել տեսալսողական ոլորտի կարգավորման համակարգ:
Առաջիկա անելիքների մասին խոսելով՝ ՀՌՀ նախագահը նշում է՝ համացանցն ու Արհեստական բանականության գործիքները քաոս են ստեղծել, որը միջազգային սպառնալիք է: Այսօր աշխատում են այդ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ:










