«TUMO»-ն Ուրուգվայում բացեց ստեղծարար տեխնոլոգիաների իր առաջին ուսումնառության կենտրոնը (տեսանյութ, լուսանկարներ)

12:34 • 14.04.26

«TUMO» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը։ Օրեր առաջ Ուրուգվայում կայացավ կենտրոնի պաշտոնական բացումը, որին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ Ուրուգվայի նախագահը և «Google» ընկերության հանրային քաղաքականության և պետական հարցերի մենեջերը:

Կարասկոյի միջազգային օդանավակայանի մոտ տեղակայված ժամանակակից կենտրոնը մուտք է գործում Ուրուգվայ «Aeropuertos Uruguay» և «Corporación América Airports» ընկերությունների միջոցով և ռազմավարական համագործակցություն ունի «Ceibal» ընկերության հետ: 

«Այս նախաձեռնությունը Մարտին Էռնեկյանինն էր, ով մեզ դիմեց, ասելով, որ Մոնտեվիդեոյում պետք է անպայման «TUMO» լինի, որովհետև համագործակցության կարիք էր զգում և միասին շատ հոյակապ շենք սարքեցին, ուր ուսանողներն արդեն հյուրընկալվում են: Դա «TUMO»-ի միջազգային ընդլայնման տրամաբանության մեջ շատ կարևոր է, որովհետև Հարավային Ամերիկան մեզ համար շատ կարևոր թիրախ է»,-ասում է «TUMO»-ի Զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

«TUMO» կենտրոնի կառուցման համար «Corporación América Airports» ընկերությունը ներդրել է 10 միլիոն ԱՄՆ դոլար, այն ունի ավելի քան 2500 քմ տարածք՝ ստեղծարարությունը, ուսուցումն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ 

Ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանը  «TUMO» կենտրոնի բացմանն ընդգծեց, որ հավատում են «TUMO»-ի նման նախաձեռնություններին և ցանկանում են աջակցել դրանց զարգացմանն Ուրուգվայում։ Նա նշեց, որ որպես օդանավակայաններ շահագործող՝ պարտավորվում են թևեր տալ երիտասարդներին, որպեսզի նրանք կյանքի կոչեն իրենց գաղափարներն ու բացահայտեն իրենց հետաքրքրությունները։

««TUMO»-ի ընդլայնման հաջողության գաղտնիքը միշտ էլ շատ լավ գործընկեր ունենանալն է եղել տարբեր երկրներում: Գործընկեր, որ նույն տեսլականը, նույն փիլիսոփայությունն ունի  և՛ սոցիալական, և՛ ուսումնական, և՛ մանկավարժական ուղղությունների նկատմամբ: Մոնտեվիդեոյի խումբը, որ մեզ մոտեցավ, առաջին րոպեից արդեն ակնհայտ էր, որ նույն լեզվով ենք խոսում, նույն նպատակներն ու պատկերացում ունենք»,-նշում է Բեկոր Փափազյանը:

Թեև կենտրոնն Ուրուգվայում օրեր առաջ է բացվել, բայց արդեն հասցրել է շուրջ 1,000 ուսանող գրանցել: 12-18 տարեկան դեռահասների համար նախատեսված «TUMO»-ում երիտասարդներն ինքնուրույն կառուցում են իրենց ուսուցման ուղին՝ համադրելով գործնական աշխատարաններն ու նախագծերը՝ մենթորների և փորձագետների ղեկավարությամբ։ Ուրուգվայում հասանելի ուղղություններն են՝ ռոբոտաշինություն, անիմացիա, 3D մոդելավորում, երաժշտություն, կինո, գեներատիվ արհեստական բանականություն, տեսախաղերի մշակում և ծրագրավորում։ 

Կենտրոնը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով. 250 ժամանակակից համակարգիչներ, երաժշտական գործիքներ, արտադրական սարքավորումներ, թվային էկվալայզերներ, ձայնամեկուսիչ խցիկներ և այլ սարքավորումներ։ 

Խոսելով Ուրուգվայում նորաբաց «TUMO»-ի մասին՝ Փափազյանը նշում է, որ նույն կոնցեպտն է, ինչ Հայաստանում, միակ տարբերությունը հաղորդակցման լեզուն է:

«Մեր պատանիների կարիքները, ձգտումները նույնն են ամբողջ աշխարհում, այսինքն՝ այդքան մեծ տարբերություններ չկան հայ ուսանողի և, ասենք, ուրուգվացի ուսանողի կարիքների, ձգտումների կամ նախասիրությունների մեջ, հետևաբար բավականին ստանդարտ մոդել է»,-ընդգծում է «TUMO»-ի Զարգացման գծով տնօրենը։

Հայաստանում հիմնադրված «TUMO» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ներկայումս գործում է ավելի քան տասը երկրներում՝ Փարիզում, Բեռլինում, Լիսաբոնում, Լոս Անջելեսում և Բուենոս Այրեսում։ Ավելի քան 35,000 ակտիվ ուսանողներով և 80,000-ից ավելի շրջանավարտներով ծրագիրն այժմ աշխարհի ամենանորարար կրթական մոդելներից մեկն է։

 

«TUMO»-ն Ուրուգվայում բացեց ստեղծարար տեխնոլոգիաների իր առաջին ուսումնառության կենտրոնը (տեսանյութ, լուսանկարներ)