Հայկական միտքը՝ աշխարհին մրցակից. հայկական առաջին ԱԲ-ն արդեն իրականություն է (տեսանյութ)

13:44 • 11.05.26

Հայաստանը տեխնոլոգիական նոր էջ է բացում, որը փոխում է մեր պատկերացումները տեղական նորարարության հնարավորությունների մասին, իսկ հեղինակը Արման Ասատրյանն է։   

Հրազդանի ավագ դպրոցի աշակերտը 9 տարեկանից զբաղվում է ծրագրավորմամբ ու տարիների հետևողական աշխատանքը վերածեց մի հավակնոտ նախագծի, որն իրական հեղափոխություն է խոստանում մեր տեխնոլոգիական դաշտում։ 

«Փորձեցի ծրագրավորման իմ գիտելիքներով հորինել մի բան, սկզբում սիրողական մակարդակով, բայց եկավ մի օր, որ հասկացա՝ ունեմ լուրջ պրոդուկտ, բայց միայնակ ոչինչ չէի կարող անել, միայն իմ համար կարող էի օգտագործել ու մի օր Սամվելին հանդիպեցի ֆեյսբուքում, որոշեցի՝ ինչո՞ւ ոչ, գրեմ»,-ասում է Արման Ասատրյանը:

Սամվել Թադևոսյանն այն բազմաթիվ մարդկանցից մեկն էր, ում Արմանը նամակ էր գրել, բայց միակն էր, ով հավատաց նրա գաղափարին ու արձագանքեց։ 

«Նամակը ստացել եմ մոտավոր 9 ամիս առաջ, որտեղ մեծ կոդեր էին գրված: Հատուկ փորձագետների հրավիրեցի, ասացի՝ ասեք, սա ի՞նչ է, խելքին մոտ բա՞ն է: Այդ մարդիկ էլ առանձնապես չհասկացան՝ ինչ է, բայց ասացին՝ խելքին մոտ է,  ու ով սա արել է, հաստատ հասկանում է գործից, իրեն կարելի է լսել»,-պատմում է «ZEYRO» ընկերության հիմնադիր Սամվել Թադևոսյանը:

Մասնագետների կողմից «խելքին մոտ» համարված կոդերը դարձան երկրի առաջին հայալեզու ԱԲ-ն։ Համակարգն այս պահին օգտատերերի հետ հաղորդակցվում է երեք լեզվով՝ հայերենով, անգլերենով ու ռուսերենով, բայց տիրապետում է աշխարհի բոլոր լեզուներին՝ դառնալով ունիվերսալ գործիք:  

«Ոչ միայն կարողանում ես գրելով շփվել, այլ հայերեն խոսել, ինքը հասկանում է հայերեն ձայնն ու պատասխանում է ձայնային հաղորդագրության միջոցով: Դա էլ արել եմ տարեցների համար, որ կարողանան իրենց ասելիքն ասել ու Զեբրիկը կատարի դրանք»,-մանրամասնում է Արման Ասատրյանը:

Զեբրիկն արդեն դուրս է եկել տեղական շուկայի սահմաններից. նախագծի ֆրանշիզան ձեռք է բերվել հինգ երկրում, այդ թվում՝ Վրաստանում և գրեթե ողջ Միջին Ասիայում՝ Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում: 

Որպես բրենդի խորհրդանիշ՝ ընտրվել է հոգատար ու ընկերասեր զեբրը, քանի որ այս ԱԲ-ն նպատակ ունի լինել հասանելի ու օգտակար ընկեր՝ 24/7 ռեժիմով, իսկ նախագծի հիմքում «զրո քլիքի» գաղափարն է, ինչն էլ հուշել է հարթակի անվանումը՝ «ZEYRO»։ Եթե սովորական հավելվածներում պատվեր կատարելու համար անհրաժեշտ է 10-ից 12 սեղմում, ապա այստեղ ամեն ինչ առավելագույնս ավտոմատացված է՝ օգտատիրոջ ժամանակը խնայելու համար։ «ZEYRO»-ն առաջարկում է նաև ուղևորափոխադրման ծառայություն։ 

«Կարողանում է հստակ հրահանգավորել, մեքենա կանչել, կարող եք ասել՝ ժամը 08:00-ին արի հետևիցս, 10:00-ին մեքենա կուղարկես, երեխաներին տանի մանկապարտեզ։ Ինքն այդ ամենը հիշում է, իրականացնում՝ 15 րոպե առաջ տեղեկացնելով»,-նշում է «ZEYRO» ընկերության հիմնադիր Սամվել Թադևոսյանը:

Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծառայությունների շրջանակը՝ ավիատոմսերի ամրագրումից մինչև սննդի առաքում։ Կարևոր է ընդգծել, որ այն ամենը, ինչի համար շատ միջազգային հարթակներ այսօր վճար են պահանջում, հայկական առաջին ԱԲ-ն առաջարկում է լիովին անվճար։ Որպեսզի «ZEYRO»-ն իրացնի համաշխարհային շուկա դուրս գալու իր ռեալ պոտենցիալը, մեզնից պահանջվում է ընդամենը մեկ բան՝ ակտիվորեն օգտվել և հաղորդակցվել նրա հետ։ 

 

Հայկական միտքը՝ աշխարհին մրցակից. հայկական առաջին ԱԲ-ն արդեն իրականություն է (տեսանյութ)