Գիշերը ՌԴ-ն զանգվածային hարվածներ է hասցրել Ուկրաինայի տարածքին. կան զnhեր և վիրավnրներ

09:25 • 02.07.26

Հուլիսի 2-ի գիշերը Կիևի վրա իրականացված զանգվածային հարձակման ժամանակ ռուսական զորքերը վնասել են այն շենքը, որտեղ տեղակայված է շտապօգնության ենթակայաններից մեկը։ Հարվածի հետևանքով տուժել են շտապօգնության աշխատակիցները։ Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով՝ Շևչենկովսկի շրջանում վիրավորվել են շտապօգնության ենթակայանի բուժաշխատողներ և վարորդներ։

«Տուժած պարամեդիկներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է»,- հայտնել է Կլիչկոն։

Ռուսաստանը համակցված հարձակում է իրականացրել Կիևի վրա՝ կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Կիևի տարբեր շրջաններում արձանագրվել են ավերածություններ և տուժածներ։

Հարվածի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 34-ը ստացել են վիրավորումներ։ Վնասվել են բնակելի շենքեր, բժշկական հաստատություն, շուկա և քաղաքացիական ենթակառուցվածքի այլ օբյեկտներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել էր, որ այս գիշեր պետք է շատ զգույշ լինել, քանի որ ուկրաինական հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարված է պատրաստում: