«Ռենշին»-ը և GTB-ն հայտարարում են Երևանի այցեքարտ «Կասկադ»-ի շուրջ համագործակցության մեկնարկի մասին (տեսանյութ)
Նոր ռազմավարական համագործակցություն՝ Երևանի այցեքարտ «Կասկադ»-ի շուրջ . «Ռենշին» ընկերությունը և «Ջի Թի Բի» Դիվելոփմենթը ստորագրել են ռազմավարական համագործակցության հուշագիր:
Այս գործընկերությամբ «Ռենշին» ընկերությունը ձեռք է բերում Կասկադ համալիրի նախագծի բաժնեմաս և միանում է մայրաքաղաքի գլխավոր մշակութային և քաղաքաշինական հանգույցի նախագծին՝ իր՝ ավելի քան 24 տարվա փորձառությամբ և շուրջ 1 միլիոն քառակուսի մետր պրեմիում դասի կառուցապատման հաջողված փորձով։
«Կան նախագծեր, որոնք կառուցվում են քաղաքում և կան նախագծեր, որոնք փոխում են քաղաքը։ Կարծում եմ՝ բոլորս համակարծիք ենք, որ Կասկադը պատկանում է երկրորդ խմբին։ Մենք այսօր պատրաստ ենք մեր «Ռենշին»-ի թիմով մեր ողջ գիտելիքը, մեր երկարամյա տարիների փորձը, մեր միջազգային բոլոր չափանիշները ներդնել Երևանի համար այսչափ կարևոր խորհրդանիշներից մեկի ձևավորմանը»,-ասում է «Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը։
«Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր ներդրում են ունեցել այս համագործակցության ձևավորման հարցում: Ես վստահ եմ, որ սա ճանապարհի առաջին և շատ կարևոր քայլն է։ Բարի աշխատանք և հաջողություն եմ մաղթում բոլորիս»,-հավելում է «Ջի Թի Բի Թաուեր» և «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ընկերությունների տնօրեն Գոռ Միքայելյանը։
«Ռենշին» ընկերությունն ունի մի շարք իրագործված նախագծեր, որոնցից են Artlife-ը, Համաշխարհային առևտրի կենտրոնը, Հայաստանի առաջին երկնաքերներով Skyline թաղամասը և նոր մեկնարկած Թումանյան 8 նախագծերը: Հաջողված ծրագրերի տրամաբանական հետագիծը, վստահ են՝ ապահովելու է «Կասկադի» իրագործումը՝ միջազգային ամենաբարձր ստանդարտներով։
«Վերջին տարիներին «Ռենշին»-ը հետևողականորեն ձևավորում է մի ռազմավարություն, որտեղ ոչ միայն կառուցապատման նախագծերն են, այլ քաղաքների, քաղաքային և հանրային միջավայրերի ձևավորումը։ Այս համատեքստում «Կասկադ»-ը սովորական նախագիծ չէ, «Կասկադ»-ը ռազմավարական նախագիծ է: Մենք տեսնում ենք այն, որպես պատմական մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի հանդիպման վայր»,-նշում է «Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը:
Քաղաքային ծրագիրը նախաձեռնած GTB-ն բազմապրոֆիլ GTB հոլդինգի առանցքային կառույցներից մեկն է, որի կազմում է գործում նաև «Ջի Թի Բի Սթիլ» հայ-ամերիկյան մետաղաձուլական ընկերությունը՝ արտադրելով միջազգային ստանդարտներին համապատասխան ամրաններ, որն էլ ապահովում է կառուցապատողներին տեղական ու որակյալ արտադրանքով։ Ընկերությունը մշտապես ձգտում է առաջ անցնել ժամանակից՝ ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ և կառավարման նորարարական մոտեցումներ։
««Ռենշին»-ի պես հզոր կազմակերպության հետ համագործակցությունը միշտ դրական ազդեցություն կարող է թողնել յուրաքանչյուր կազմակերպության վրա և մենք շատ ուրախ ենք։ Այս համագործակցությունը ձևավորվել է մասնավորապես «Կասկադ» մշակութային հանգույց նախագծի շրջանակում: Վստահ եմ, որ կարող ենք մենք միասին շատ ավելի լավ, շատ ավելի գեղեցիկ ավարտել այն»,-նշում է «Ջի Թի Բի Թաուեր» և «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ընկերությունների տնօրեն Գոռ Միքայելյանը։
Այսպիսով, «Ռենշին»-ի և GTB-ի միջև կնքված հուշագիրն ազդարարում է նախագծի զարգացման նոր՝ առավել դինամիկ փուլը՝ ուղղված «Կասկադ» համալիրի վերաիմաստավորմանը և Երևանի կենտրոնում ժամանակակից ու մշակութային բազմաշերտ միջավայրի ձևավորմանը, որը միաժամանակ կպահպանի տարածքի պատմական արժեքն ու կներդնի նոր քաղաքային լուծումներ։










