ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ Սուրենյանց
ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի 68-րդ կետում արձանագրվում է, որ 10/51, 35/65 և 12/13 ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքի վրա։
Զեկույցում ներկայացված հաշվարկների համաձայն՝ այդ տեղամասերի տվյալներն ընդհանուր արդյունքներում ներառելու դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը պաշտոնական տվյալներով ստացել է ձայների 3,99 տոկոսը՝ 58,287 ձայն, կարող էր հաղթահարել խորհրդարան անցնելու 4-տոկոսանոց շեմը և ստանալ պատգամավորական մանդատներ։ Այդ դեպքում իշխող ուժը կարող էր կորցնել նաև խորհրդարանում 3/5-ի մեծամասնությունը։
ԵԽԽՎ-ն նշում է, որ ԿԸՀ-ն ընդամենը մեկ նախադասությամբ արձանագրել է, թե նշված տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա, և վերաքվեարկություն չի նշանակել։ Զեկույցում նման հիմնավորումը գնահատվում է որպես խիստ անբավարար՝ հատկապես հաշվի առնելով որոշման հնարավոր քաղաքական հետևանքները։
Զեկույցի 69-րդ կետում արձանագրվում է նաև, որ «Ականատես» առաքելությունը, «Անկախ դիտորդների» դաշինքը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և իրավաբանական շրջանակների ներկայացուցիչներ այդ որոշումը գնահատել են որպես իրավական բավարար հիմքից զուրկ, համաչափության սկզբունքին և արդյունավետ իրավական պաշտպանության չափանիշներին հակասող։ Միաժամանակ նշվում է, որ դատական ընթացակարգերը մինչև խորհրդարանի գումարումը չեն ապահովել արդյունավետ իրավական պաշտպանության միջոց։
Կարևոր է հստակ տարանջատել փաստն ու քաղաքական գնահատականը։
ԵԽԽՎ-ն չի հայտարարել, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ անվավեր կամ ոչ լեգիտիմ են եղել։ Սակայն զեկույցում արձանագրված հանգամանքները լուրջ հարցեր են առաջացնում վերջնական արդյունքների ձևավորման և դրանց նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից։ Ավելին՝ զեկույցն ուղղակիորեն մատնանշում է այն ռիսկը, որ ընտրական շեմին այսքան մոտ արդյունքի պարագայում ընտրողների զգալի հատված կարող է մնալ առանց արդյունավետ խորհրդարանական ներկայացվածության։
Այստեղից արդեն բխում է քաղաքական գնահատականը։
Եթե ԿԸՀ-ի որոշման այլ ելքը կարող էր հանգեցնել ԲՀԿ-ի՝ խորհրդարան անցնելուն և իշխող ուժի՝ 3/5-ի մեծամասնությունը կորցնելուն, ապա խոսքը խորհրդարանի քաղաքական կազմի և ուժերի հարաբերակցության վրա հնարավոր ազդեցություն ունեցած որոշման մասին է։
Այս հանգամանքը հատկապես էական է իշխանության լեգիտիմության շուրջ քաղաքական քննարկման համատեքստում։
Անկախ Փաշինյանի իշխանության նկատմամբ արևմտյան քաղաքական շրջանակների լոյալ վերաբերմունքից՝ միջազգային դիտորդական փաստաթղթերում չեն շրջանցվում Հայաստանի ընտրական գործընթացում արձանագրված խնդրահարույց դրվագները։
ԵԽԽՎ զեկույցն այս առումով կարևոր արձանագրում է պարունակում․ ԿԸՀ-ի որոշումը, դրա անբավարար հիմնավորումը և արդյունավետ իրավական պաշտպանության հետ կապված խնդիրները հարցականի տակ են դնում ընտրությունների վերջնական արդյունքի ձևավորման որոշ առանցքային հանգամանքների նկատմամբ վստահությունը։
Սա էական դրվագ է, եթե անգամ ամբողջության մեջ կասկածի տակ չի դնում ձևավորված խորհրդարանի լեգիտիմությունը»,- գրել է նա։














